2006-2009թթ. լայնորեն գովազդվում էին տարատեսակ նորակառույցն շենքերում վաճառվող բնակարանները, երկրում առկա էր նորակառույցների բում: Գործընթացի առաջամարտիկներից էր «Տոնուս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր մի շարք շենքեր և փորձում գրավել հաճախորդներին բնակարանների մատչելիությամբ:


Սակայն լեռը մուկ ծնեց: Պարզվեց, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, այնուհետև գրավադրել «Արցախբանկում»: Շենքերից մեկը արդեն կառուցված էր, մյուսի շինարարությունն էլ անավարտ է։ Դրանից հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, «Արցախբանկն» էլ, որտեղ գրավադրվել էին շենքերը, տիրացել է բնակարաններին, իսկ քաղաքացիները մնացել են կոտրած տաշտակի առջև: Բանկի ներկայացուցիչը խոստացավ կառուցել շենքը և բնակարաններով ապահովել գնորդներին, սակայն դեռևս նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ։


Բանկի ներկայացուցիչը հանդիպել էր բնակարանների խաբված գնորդներին և խոստացել, որ մի ամսից շինարարությունը կսկսվի, սակայն այն դեռևս չի սկսվել։


Բանկի հետ բանակցելուց հետո «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը համաձայնության էին եկել իրենց բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնել 80 դոլար, իսկ բնակիչների վճարած գումարը վերադարձնելու դեպքում 14%-ը պահել, մնացածը վերադարձնել։


Ըստ բնակիչների, իրենց մեծամասնությունը ցանկանում է բնակարանները ստանալ՝ գումար ավելացնելով, սակայն վճարում կատարելուց առաջ ստանալ բնակարանների սեփականության վկայականները։
Ակնհայտ է, որ նման իրադարձությունները հարվածում են ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլև պետության հեղինակությանը:


Նաև նման դեպքերի հիման վրա է, որ հայերիս սկսում են վերագրել խաբեբայի ու խարդախի համբավ:
Բայց էլ ավելի վատ է, որ մեկ հայ կարող է իրեն թույլ տալ խաբել մյուսին…

 

 

Գոռ Սաղաթելյան