Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման առաջին 100-օրյա ժամանակահատվածը նշանավորեց Շիրակի մարզ կատարած այցով, ուր մի քանի բնակավայրերով անցնելուց հետո այցելեց նաև իմ ծննդավայր՝ Արևշատ համայնք և մասնակցեց Մանթաշի ջրամբարից հատուկ Արևշատ համայնքի արոտավայրերի ջրարփիացման համար քաշված նոր ոռոգման ջրագծի հանդիսավոր բացմանը:
Հյուրասեր ու երախտապարտ արևշատցին էլ վաչապետին ու իր բազմաջիպանոց ուղեկիցներին տեղը-տեղին հյուրասիրեց, կերան-խմեցին, վերջում վարչապետը համագյուղացիներիս հետ պարեց ու շարունակեց իր շրջայցը դեպի այլ համայնքներ:
Ընդամենը օրեր անց ընտանիքիս հետ այցելեցի հայրենի գյուղ՝ Երևանի տապից մի քանի օր զովանալու ու հանգստյան օրերը հայրենի օջախում անցկացնելու համար: Չգիտես ինչու, չնայած նախապես գիտեի, որ համայնքի համար բացվել է ոռոգման ջրագիծ, ներքուստ տրամադրվել էի, որ գյուղում վերջապես, տարիներ անց, բացելու եմ տան ջրի ծորակն ու կարողանալու եմ խմել խորհրդային տարիներից հիշողությանս մեջ մնացած մեր Մանթաշի ջրամբարից եկող Ալագյազի սառն ու զուլալ ջուրը:
Բայց… ծորակը կրկին ու կրկին տղմախառն ու ջրային մանր կենդանիներով հարուստ ջուր հրամցրեց:
Ստիպված գնացի խանութ ու մի քանի օրվա համար աղբյուրի շշալցված ջուր գնեցի, որպեսզի խուսափենք երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքից, երբ 3 տարեկան դուստրս հենց մեր գյուղի «զուլալ» ջուրը խմելու պատճառով աղիների ֆունկցիոնալ խանգարում ստացավ: Իսկ նույնը կրկնել այս անգամ արդեն 11 ամսեկան տղայիս համար, բնականաբար չէի պատրաստվում:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում մեր կառավարությանը համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, քանզի անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող այդ տարածաշրջանի ազգաբնակչության համար արոտավայրերի և ցանքատարածությունների ջրարփիացման խնդիրը կենսական նշանակություն ունի:
Բայց որպեսզի այդ ցանքատարածություններն ու արոտավայրերը անմշակ չմնան, անհրաժեշտ է նախ և առաջ մտածել առողջ սերունդ մեծացնելու մասին: Տարածաշրջանի տասնյակ բնակավայրեր սնվում են Մանթաշի ջրամբարից եկող և դեռևս խորհրդային տարիներից շահագործվող խմելու ջրի վնասված ու բազմաթիվ հիվանդություններ ծնող այդ ջրագծից, որն անհապաղ վերանորոգման կարիք ունի:
Հարգելի՛ կառավարություն, հույսներդ մի դրեք արդար յուղ ու մածուն ուտող գյուղացու դիմացկունության վրա, այլ շուտափույթ քայլեր ձեռնարկեք նաև առաջնահերթ այդ խնդրի լուծման համար և այն ձեզ բացառիկ հնարավորություն կընձեռի ժողովրդի մի հատվածի օրհնությանն արժանանալու, ինչի կարիքը դուք ամենից շատ ունեք:
Արմեն Գևորգյան