1938 թ. օգոստոսի 4. Վերացնել Էջմիածնի կաթողիկոսությունը:

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի մահից մի քանի ամիս անց՝ 1938 թ. օգոստոսի 4-ին, ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոն, նրա առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի ներկայացմամբ ու ստորագրությամբ, կայացրեց հետեւյալ որոշումը. «Այն պատճառով, որ եղած նյութերը Էջմիածնի կաթողիկոսությունը մերկացնում են խորհրդային իշխանության եւ հայ ժողովրդի դեմ ակտիվ պայքարում, փակել Էջմիածնի վանքը՝ այն վերածելով թանգարանի, նոր կաթողիկոսի ընտրություններ չանցկացնել եւ վերացնել հայ հոգեւորականության կենտրոն Էջմիածնի կաթողիկոսությունը»։

 

Նույն օրը գաղտնի նամակով Գ. Հարությունյանը դիմում է ՀամԿ(բ)Կ կենտկոմ՝ ընկ. Ստալինին, հայտնելով որոշման մասին՝ միաժամանակ «հիմնավորելով» այն։ Խնդրվում էր հաստատել հայկոմկուսի որոշումը։ Որոշման ընդունման նախաձեռնությունը գալիս էր Հայաստանի իշխանությունների կողմից՝ Ստալինին ավելի հավատարիմ երեւալու ակնկալիքով։

 

Երեւանում ընդունված որոշումը Մոսկվայում չի հաստատվում։ Հավանաբար Կրեմլը մտավախություն ուներ, որ Հայ եկեղեցու կենտրոնը կտեղափոխվի արտասահման՝ խորհրդային իշխանության համար բացասական հետեւանքներով հանդերձ։