էլի էն 2 մլն քառակուսի մետր մակերեսով ասֆալտի մասին, որ էս տարի մայրաքաղաքում պիտի անեն, անում են։ Քառակուսի մետրի մոտավոր 9000 դրամ գնով հաշվեցինք՝ եղավ 18 մլրդ դրամ։ Էդ թիվը, որ բաժանում ես Երեւանի բնակչության թվի վրա, ասենք՝ 1,1 մլն, ստացվում է, որ Երեւանում շնչին ընկնող ասֆալտի ծախսը էս տարի կազմում է 16.363 դրամ, իսկ, եթե 1 մլն մարդ հաշվենք, կլինի 18 հազար դրամ/մարդա։
Գյումրու ասֆալտապատման ծավալը, պետության տված փողերն էլ հետը, անցած տարի եղել է 780 մլն դրամ, դա շնչին կազմում է 7800 դրամ՝ եթե բնակչությունը հաշվենք 100.000 մարդ, իսկ 2011 թվի մարդահամարի թվերով՝ 121.500 հոգու դեպքում շնչին ընկնող ծախսը՝ կկազմի 6419 դրամ։ Այս տարվա Գյումրու փողոցների նորոգման համար պետական հատկացումն համեստ է՝ 215,57 մլն դրամ, անցած տարվա 390 մլն դրամի ֆոնին։
Իհարկե հաշվարկներս մոտավոր են, մանավանդ, ասֆալտապատումը, կախված տեղից, գրունտային աշխատանքների խորությունից գները տարբեր են, բայց ես հենվել եմ այս տարվա պետական պատվերով Գյումրիում ասֆալտապատման գների վրա. 219,57 մլն դրամով 22300 քառ մետր, ստացվում է քառակուսի մետրը՝ 9800 դրամից ավելի։ Եւ այս մոտավորությամբ անգամ, ակնհայտ է, որ իշխանությունը խտրական վերաբերմունք է կիրառում մարզերի ու մարզային քաղաքների նկատմամբ, մանավանդ, երբ շատ մարզային քաղաքներում փողոցների մեծ մասը կապիտալ չի նորոգվել 25 տարուց ավելի, մասնավորապես Գյումու 500 կմ փողոցային ցանցից ավերակ է ավելի քան 400 կմ-ը եւ չի նորոգվել արդեն 26 տարի։
Կամ կառավարությունը հասկացել է, որ ախպերության ընկերություններով ասֆալտած տեղը ասֆալտ անելը անհամեմատ շահեկան գործ է, կամ էլ գործ ունենք նույն երկրի քաղաքացիների նկատմամաբ տարիներ շարունակ հետեւողական կերպով պետական մակարդակով կիրառվող խտրականության հետ։ Գուցե՝ երկուսը՝ մեկտեղ։ Նույն շինարարական հատկացումները (պատշգամբների նորոգում, դալանների նկարազարդումներ, վթարային շենքերի ամրացման ծախսեր եւ այն) քաղաքների մակերեսների կամ փողոցային եւ հրապարակային մակերեսների համամասնությամբ հետազոտելիս, նույն խտրականության ապացույցներին ենք հանդիպում տարիներ շարունակ, միավորի հաշվով (քաղաքային միավոր մակերեսի, կամ փողոցների միավոր գծամետրի) 2-30 անգամ առավել հատկացումներ են արվում մայրաքաղաքին։ Կասկածներ ունեմ, որ մարզերում ասֆալտ ուտելը համեմատաբար դժվար է, գործը՝ շատ է, իսկ Երեւանում՝ գործը քիչ է, ուտելը՝ հեշտ։
Այն, որ ասֆալտի եւ ճանապարհաշինության վրա լավ է ուտվում, հանրահայտ է նաեւ այլ երկրների փորձից։ Հայաստանում առայժմ չի առաջացել որեւէ հասարակական կազմակերպություն կամ անկախ հսկիչ խումբ, որը կհսկեր այս շինարարությունը եւ քանակական, եւ որակական ցուցանիշներով, ասենք. նախատեսված է ասֆալտը քերել 4 սմ եւ նորից փռել 4 սմ, չկա մի անկախ վերահսկողական, հասարակական մարմին կամ կազմակերպություն, որը կստուգեր, արդյո՞ք 3 սմ չեն քերել ու 3 սմ ասֆալտ արել, ինչը արդեն մոտ 25 տոկոս կողոպուտ է։ Կհարցնեք՝ բա ինչպես են գոյանում սրա-նրա անհասկանալի հարստությունները, մի հարցրեք, պատասխաններից մեկն արդեն կարդացել եք։ Այլապես Հայաստանի գլոբուսն՝ անտառներով ու ջրամբարներով արդեն պտի ասֆալտած լինեին։
Համարեք սա եւս մեկ ապացույց Հայաստանում խտրականության դեմ օրենքի ընդունման հիմնավորման։ Հուսամ, հասկանում եք, թե ինչ եմ զգում ամեն անգամ հարկեր, տուրքեր ու տուգանքներ մուծելիս։
Լևոն Բարսեղյան