Լիխտենթալ փոքրիկ բնակավայրում ապրող Շուբերտների տանը, ուր միշտ հնչում էին դաշնամուրն ու ջութակը, 1797թ. հունվարի 31-ին ծնվում է Ֆրանց Շուբերտը: Փոքրիկն օժտված էր երաժշտական բացառիկ տվյալներով, ուներ անթերի լսողություն և մեծ սեր երաժշտության նկատմամբ: Սակայն հայրը, որ միշտ ապրել էր ուսուցչի խղճուկ աշխատավարձով, ցանկանում էր նրան հեռու պահել երաժշտությունից: Բայց տղան համառ էր և որպեսզի հնարավորություն ունենա տրվելու սիրած զբաղմունքին՝ 1822թ. հեռանում է հայրական տանից, վարում ծայրահեղ աղքատիկ, բայց ինքնուրույն կյանք:

 


Չնայած ապրած կարճատև կյանքին՝ թողել է երաժշտական մեծ ժառանգություն՝ 9 սիմֆոնիա (որոնցից ոչ մեկը նրա կենդանության օրոք չեն կատարվել), բայց առավել նշանավոր է որպես երգերի հեղինակ: Գրել է 603 երգ, և, այնուամենայնիվ, չի կարողացել ապահովել օրվա հացը, ինչ խոսք՝ գրելու համար թուղթ հայթայթելու հնարավորության մասին, ուստի գրում էր, որտեղ պատահեր՝ ճաշարանի անձեռոցիկների, անգամ վերնաշապկի թեզանիքների վրա:

 

Երգ հորինելը Շուբերտի տարերքն էր: Ակնոցը, որ կրում էր կարճատես լինելու պատճառով, գիշերներն անգամ չէր հանում, որպեսզի կիսաքուն վիճակում որևէ մեղեդու ծայրը գտնելիս ակնոցը դնելու համար ժամանակ չկորցներ և կարողանաև նոտագրել: Չափազանց խստապահանջ իր նկատմամբ՝ առանց ափսոսալու ոչնչացնում էր իր գրչի տակից դուրս եկած այն ամենն, ինչն իրեն չէր գոհացնում:

 


Մի անգամ, գրասեղանի մոտ նստած, Շուբերտը վերանայում էր իր երգերից մեկը: Աննկատ ներս մտած ընկերները, որ կանգնել էին նրա թիկունքում, սևագրի էջի վերին մասում կարդացին՝ «Ավե Մարիա»: Կոմպոզիտորը, նկատելով ընկերներին, հոգնած ժպտաց, առանց շտապելու՝ ճմռթեց թուղթն ու նետեց աղբարկղը: Դուրս գալու ժամանակ նրանցից մեկն աղբակղից աննկատ վերցրեց թուղթն ու իր հետ տարավ:
Օրեր անց՝ մի կիրակի, նույն ընկերները Շուբերտին իրենց հետ տարան եկեղեցի՝ պատարագ լսելու:

 

Լեփ-լեցուն դահլիճում ծովածավալ լռության մեջ հնչեց Տիրամորն ուղղված մի հոգեպարար մեղեդի: Շուբերտը ևս զարմացած լսում էր. չէ՞ որ բեմից հորդում էր նույն այն «Ավե Մարիա»-ն, որն իր ձեռքով էր նետել աղբարկղը: Տանն ընկերները գաղտնիքը բացահայտեցին. երգի նոտաները հանձնել էին եկեղեցու երգչախմբի ղեկավարին: Տիրամորը նվիրված այդ շքեղ երգը փրկված էր անդառնալի կորստից...

 


1828թ. նոյեմբերին 19-ին 31 տարեկան հասակում տիֆով հիվանդացած Շուբերտը ընդմիշտ փակեց աչքերը:
Վիեննայի գերեզմանատան համեստ մի տապանաքարին գրված է.
Ֆրանց Շուբերտ
1797-1828
Մահն այստեղ թաղել է մի անգին գանձ,
և որ ավելի ցավալի է՝ գեղեցիկ հույսեր:

(Նկարում՝ Պաոլո դը Մաթյե «Ավետիս Տիրամորը» աշխատանքը)

 

 

Լուսինե Զաքարյան