Առաջին հանդիպումը, երևի թե 70-ականներին, եղել է բեմում. ես նրա հետ խաղացել եմ բեմում մի քանի դերեր'«Սեր և ծիծաղ» ներկայացման մեջ, որտեղ նա փայլուն դերակատար էր, խաղացել եմ նաև «Մթին պատմություններ» ներկայացման մեջ, որտեղ նույնպես անկրկնելի դերակատար էր: Եվ վերջապես, որպես բեմադրիչ եմ նրան հանդիպել ' 1986թ.-ին . «Ավտոբուս» պիեսում նա խաղաց գլխավոր դերերից մեկը և նույնպես խաղաց երիցյանական մոտեցումով, երիցյանական տաղանդով… Այնպես որ, իմ հանդիպումները շատ ավելի կարևոր են ինձ համար իհարկե բեմում և պիտի ասեմ, որ անկրկնելի մարդ էր նաև կենցաղում:

 


Խորհուրդ չէի տա տարբերել' մարդ և դերասան, որովհետև ինչպիսին մարդն է, այնպիսին էլ դերասանն է բեմում: Երկու կերպում էլ' թե’ կյանքում, թե’ բեմական կյանքում, նա անկրկնելի մարդ էր . ես արդեն ասացի, որ նա անկրկնելի տաղանդի տեր մարդ էր բեմում, հսկայական ճանաչում ուներ հասարակության մեջ , իսկ կյանքում հարազատ մարդ էր' թե’ սեղանի շուրջ, թե’ փողոցում քայլելիս, թե’ մեր կուլիսներում, թե’ հանգստանալիս, թե’ հյուրախաղերի, առավել ևս հյուրախաղերի ժամանակ: Կարող էր սեղանի շուրջ ուղղակի բոլորին համախմբել, այնպիսի ժամանց ապահովել, որ մարդիկ երջանիկ զգային իրենց :

 

Կարող էր արտակարգ համեղ ուտելիքներ պատրաստել, որ մատներդ էլ հետը կուտեիր, կարող էր հումորով, ծիծաղով լցնել քո ամբողջ օրը , ուղղակի երջանկություն պարգևել. այսպիսի մարդ էր նա ' մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր ' առանց տարիքային տարբերություն ցույց տալու : Մի խոսքով, ցավալի է, որ նա այսօր մեզ հետ չէ, որովհետև նա իսկապես հաճույք էր պատճառում թե’ բեմում' խաղընկերներին, թե’ բեմադրիչներին, և ահռելի հաճույք էր պատճառում կյանքում' իր ընկերներին, հարազատներին: Միշտ իրոնիայով, ժպիտով էր նայում շատ-շատ բարդ հարցերի, շատ չէր լրջացնում այդ հարցերը, և կյանքը նրա հետ դառնում էր ավելի հեշտ ու թեթև:

 


Եթե Կիմ Երիցյանին ասեինք մեծ կատակերգու, նա ինքը կսկսեր ծիծաղել, որովհետև նման բնորոշումներին նա ուղղակի կողմ չէր: Նա կենսախինդ էր և’ բեմում, և’ կյանքում . երջանկություն էր պատճառում թե’ իր հանդիսատեսին, թե’ իր ընկերներին: Հակադրություններ մեր միջև չեն եղել, բայց նա սկզբունքային էր ու գիտեր ' ճիշտ ռեժիսորին, ճիշտ բեմադրիչին պետք է ենթարկվել: Սակայն նա ուներ իր սկզբունքները, իր առաջարկությունները, իր մտահղացումները և եթե գտնում էր, որ ճիշտ է, ետ չէր կանգնում: Մենք երկուսս էլ իրարից սովորելու բան ունեինք:

 


Ես շատ էի սիրում, երբ Կիմը երգում էր, և նա հատուկ ինձ համար մի երգ կար, դա էր երգում, երգում էր նաև վրացերեն, որովհետև տիրապետում էր նաև վրացերենին: Եվ վրացերեն մի երգ կա, ես սիրում էի այդ երգը, և միշտ, երբ որ խնդրում էի, նա երգում էր: Գրում էր Կիմ Երիցյանը, կարծեմ ռուսերեն էլ է գրել: Մի խոսքով, բազմաշնորհ մարդ էր իսկապես,Պարույր Սևակը ճիշտ է ասել: Նա շատ խելամիտ մարդ էր, շատ խորը մարդ էր և գիտեր, որ պետք չէ շատ լրջացնել հարցերը: Նա գիտեր փիլիսոփայորեն նայել կյանքին և զվարճանք ու ուրախություն պատճառել իր շրջապատին, որպեսզի թեթևանա մարդու կյանքը:

 


Կան շատ լավ դերասաններ, եղել են շատ լավ դերասաններ և կլինեն շատ լավ դերասաններ: Համեմատելու կարիք չկա: Բայց ես սկզբունքորեն դեմ եմ, երբ ինչ-որ մեկը գալիս է մյուսի տեղը գրավելու: Կրկնության հարց չպետք է լինի : Կիմը, ինչպես և շատ-շատ տաղանդավոր դերասաններ, անկրկնելի էր: Ֆիլմի և կինոյի աշխարհում ունեցած հաջողության նրա գաղտնիքը իր նվիրումը, իր աշխատասիրությունը և իր տաղանդն են, իր ' անկրկնելի լինելը: Մի փոքրիկ էպիզոդով կամ տիրացուի ' երկրորդ պլանի դերով ամբողջ Հայաստանի բնակչությունը ճանաչեց նրան և սիրեց: Այնպես որ, նրա համար չկային առաջին և երկրորդ պլանի դերեր, մեծ կամ փոքր դերեր, նա աշխատում էր իր տաղանդին հավասարազոր դերերում: Նրա հետ շփվելը, ճանապարհ գնալը, նրա հետ սեղանի մոտ նստելը զվարճություն էր և հումորով այնքան լեցուն, որ որևէ պատմություն հիշողության մեջ պահելու կարիք չունեմ ես: Միշտ էր այդպիսին, կենսախինդ մարդ էր:

 


Բոլոր դերերն էլ նա որակով էր խաղում և նրա բոլոր դերերն էլ լավագույններից էին: Գուցե ուներ երազած դերեր, բայց այդ մասին լռում էր, սպասում էր, թե բեմադրիչները իրեն ինչ կառաջարկեն: Բացի այդ, արդեն 80 տարեկանում մենք նրա հոբելյանը նշեցինք այստեղ ' թատրոնում, և նա խոսեց ամեն ինչի մասին, ինքը իր մասին շատ բան խոսեց:

 


Իր ընտանիքը ահավոր սիրող մարդ էր: Նա մինչև վերջին րոպեն էլ կնոջ մահճի կողքին էր: Սիրահարված էր միշտ ' իր զավակներին, իր կնոջը: Ես նրա հետ շատ-շատ չեմ շփվել ընտանեկան շրջապատում, բայց նա յուրահատուկ մարդ էր ընտանիքի համար և ընտանիքում համախմբողի դեր էր կատարում:
Կիմ, մենք քեզ կարոտում ենք… Այսքանը…
Հարցազրույցը ' Մերի Աղաջանյանի և Ելենա Բայանդուրյանի

 

 

Մերի Աղաջանյան