Թաջ Մահալը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Մարմարե այս մահմեդական դամբարանը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք, քանի որ այն շատ յուրահատուկ եւ շքեղ ճարտարապետական կառույց է, որը գրավում է իր հեքիաթային գեղեցկությամբ ու եթերային տեսքով: "Թաջ" նշանակում է "թագ", իսկ "մահալ"' "արքունիք":

 

Սակայն միայն ճարտարապետական կատարելությունը չէ, որ գրավում է տարբեր երկրներից այստեղ ժամանած միլիոնավոր մարդկանց: Նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում նաեւ Թաջ Մահալի ստեղծման պատմությունը, մի պատմություն, որն ավելի շատ նման է արեւելյան հեքիաթի:

 

Այս հուշարձան-դամբարանը կառուցել է Մեծ Մողոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը իր սիրելի կնոջ' Մումթազ Մահալի հիշատակին: Ի դեպ, տեղեկություններ կան այն մասին, որ Մումթազ Մահալը հայուհի է եղել, և կայսերական արքունիքում նա է ներդրել Մարաշի ասեղնագործությունը:

 

Չնայած Շահ Ջահանը մեծ հարեմ ուներ, ինչպես դա ընդունված է ցանկացած արևելյան տիրակալի մոտ, սակայն նա շատ կապված էր Մումթազ Մահալին, որը կայսերը պարգևում է ութ որդի և վեց դուստր: Մումթազ Մահալն ամենուրեք ուղեկցում էր կայսերը տարբեր արշավանքների, ճամփորդությունների ժամանակ: Նա շատ խելացի կին էր, շահը միշտ նրա կարծիքի հետ հաշվի էր նստում: Սակայն վերջին' 14-րդ երեխային ծնունդ տալու ժամանակ Մումթազը մահանում է: Մահից առաջ նա խնդրում է Շահին խոստանալ իր համար դամբարան կառուցել և այլևս ոչ ոքի հետ չամուսնանալ:

 

Կնոջ մահճի մոտ Շահ Ջահանը վշտից միանգամից սպիտակում է: Նա երկու տարով երկրում սուգ է հայտարարում, և այդ ընթացքում արգելված էին տոները, պարերն ու երաժշտությունը:

 

Որոշ ժամանակ անց Ագրայում' Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում սկսվում է Մումթազի դամբարանի շինարարությունը, որը տևում է 22 տարի: Շինարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ և ճարտարապետներ: Ի դեպ, նրանց թվում եղել են նաև հայ շինարարներ: Նրանցից մեկին' Գրիգոր անունով, կոչում էին մեծ վարպետ-կառուցող: Ի դեպ, նա մասնակցել է ոչ միայն Թաջ Մահալի, այլև Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցմանը:

 

Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է: Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է: Այս կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաև նրբագեղ աշխատանքով, ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաև Ղուրանի որոշ սուրաներով:


Դրվագազարդումը կատարվում է այսպես. նախ մարմարի վրա փորագրվում է ծաղիկը, այնուհետեւ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից շատ բարակ տաշեղներ են կտրվում և սոսնձվում պատրաստված տեղում:

 

Յամունա գետի մյուս ափին' Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել: Դա էլ իր համար, որը պետք է լիներ սև մարմարից: Երկու դամբարանները պետք է միմյանց միանային կամրջով: Սակայն նրա որդին' Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում և տնային կալանքի տակ առնում իր պալատում: Նախկին կայսրը կարող էր միայն իր կալանասենյակի պատուհանից տեսնել հեռվում երևացող իր հավերժական սիրո խորհրդանիշը:

 

Շահ Ջահանի մահից հետո նրան թաղում են նույն դամբարանում' իր սիրած կնոջ կողքին:
Ահա այսպիսին է Թաջ Մահալի' հնդկա-իսլամական արվեստի գլուխգործոցի գեղեցիկ և տխուր պատմությունը:

 

 

Նաիրա Մկրտչյան


Նյութը պատրաստվել է
"Հնդկաստան. հեռու և մոտ" ծրագրի շրջանակում