Հուշերիս տունը...Որքա~ն վաղուց չէի բացել դուռդ: Վախից,հուզմունքից,ցավից,զզվանքից,ափսոսանքից,հրճվանքից...
Միշտ կարծել եմ, որ իմ աշխարհում' կյանքիս մայրաքաղաքում, սեփականություն ունեմ.հուշերիս տունը:
Ուրեմն ես սեփականատեր եմ, գուցե սեփականությունը կորցրած...բայց չէ',հուշերիս բանտել եմ այնտեղ:


Ձեռքս դրեցի դռան կողպեքին,այնքան սառն էր ու անտարբեր.տիրոջը չճանաչեց: Իսկ ո՞ւր մնաց ուրախություններիս ջերմությունը: Մտածեցի ավելի լավ է միանգամից բանալին գործի դնեմ: Իսկ ո՞ւր է մետաղի այդ կտորը,գրպանո՞ւմ:Ո'չ... ուղեղիս մի անկյունում այն քնած է, ասես հավերժի քնով,բայց երբ արթնացնեմ, մետաղը կդառնա դոնդող' երերուն,հուզվող,հուշերի քամուց տատանվող դոնդող:Ու քանի դեռ բանալին քնաթաթախ էր,բացեցի դուռը,հուշերիս տան դուռը:Եվ ի~նչ պատկեր... սարսուռ,կսկիծ,ցավ,կարեկցանք,հուզմունք,թախիծ: Այս ի~նչ օրն են ընկել հուշերս:Ու նրանցից ոչ մեկը գիրկս չընկավ, ինչպես առաջներում էր, սիրտս չշարժեց այնչափ,որքան որ ծարավել էր այն:
Հուշերիս տան 70 մ2-ում օդը ծանրացած էր, խոնավ,հին օրերից խոնավացած: Հուշերս քաղցած էին,պատրաստ հարձակվելու զոհի վրա,բայց այնքան թուլացած,նվաղած,մերկացած: Տան ամեն մի մ2-ին ուներ իր տերն ու տիրականը:Բայց երբ աչքերով վազվզում էի տան անկյուններով, փնտրում <<ժպիտ>> հուշերս,նրանց չգտա:Այնքան անուշադիր եմ եղել,որ երես եմ տվել միայն <<ցավ>> հուշերիս,իսկ սրանք էլ պատին են սեղմել <<ջերմ>> հուշերիս,անգամ պատնեշ դրել: Հուշերիս վերադաստիարակել,վերադասավորել է պետք:


Մի հուշ ունեի,որին շատ էի սիրում,տաքացնում գրկումս,այդ գրկախառնությունից աչքերս էին լցվում, միտքս էր լցվում հազար ու մի տառով, բառով,ժպիտով,հայացքով,շնչով...հազար ու ՄԻ... Ու երբ տեսա այդ հուշիս գետնին ընկած,սատկած, տարօրինակ ափսոսանք զգացի:Խղճացի թե ինձ,թե հուշիս...


Չէ',հուշերիս այս տունը շատ է փոշոտ ու կեղտոտ,մռայլության գարշահոտը փակում է շնչուղիներս: Ավելի լավ է վաճառեմ այս դառնադեմ առանձնատունը ու մի նոր դղյակ կառուցեմ, ուր կտեղավորեմ բոլոր հուշերս, ուր նրանցից ոչ մեկը զոհ չի դառնա ու պատի տակ դիակ չի բուրի:


ՎԱՃԱՌՎՈՒՄ Է 70 մ2 - ՈՑ ՀՈՒՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ...


Հ.գ Վաճառում եմ առանց ներսի հնացած հուշերի: