ԼԵՈ, «Անցյալից», Թիֆլիս, 1925

Լեոն անդրադառալով 1895-96 թթ.աբդուլհամիդյան ջարդերին, գրում է. «Ցարական կառավարությունն այլեւս ավելորդ էր համարում թզենիի տերեւով ծածկել իր լպիրշ մերկությունը: Մինչեւ այն նա ծածուկ խրախուսել էր սուլթանին դիմադրել Անգլիայի պահանջներին հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին: Ռուս հրապարակախոս Ամֆիտյատրովը այս մասին գրած ունի բացարձակորեն: Նա գրում էր, թե Պոլսի ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ Համիդին. «Կոտորեցե'ք, Ձերդ մեծություն, կոտորեցե'ք»: Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո'չ Նելիդովը, ո'չ Նիկոլայի կառավարությունը: Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի եւ սուլթանի գործակցությունը 1895-1896 թթ. կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր... 1895-ին, մինչդեռ թուրքաց Հայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ, խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ... Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողխողված հայերի համար եւ աղոթքներ կարդալ' արգելեցին այդ միակ, թշվառ ցույցերն էլ»: