Հենրիկ Մալյանի կինոն անշփոթելի է, իր գեղարվեստական մարդաբանությամբ՝ խոր, ընդգրկուն: Հերոսները՝ գունեղ, ամբողջական: Եվ վաղեմի բնորոշումը, թե նրանք «բարոյականության կերպարներ» են, որքան էլ դիպուկ, միակողմանի են: Մալյանական հերոսները պարտքի և պատասխանատվության, խղճի և արժանապատվության մամնացումներ են, բայց և սիրո, ցեղի ճակատագրի կրողներ են:

 


Այս արվեստագետի հայեցակարգում սերը միայն միաձուլող զգացմունք չէ, այլև մերձավորին հասկանալու ունակություն, իր նմանի ցավը դարմանելու կամեցողությւոն: Պարզ, աշխատավոր մարդիկ փայլփայում են իրենց օջախներն ու զավակներին, և որքան էլ «խոցված»՝ անքեն են. մտահոգ բոլորի ճակատագրի համար: Թանկագին մի հատկանիշ, որը ազգային կերպի ու մտածողության այս կինոեժիսորի արվեստը դարձնում է համամարդկային:

 


Հ. Մալյանի կինոյում ժամանակը լոկ արտահայտչական միջոց չէ. ժամանակը նրա գեղարվեստական համակարգում կեցության խարիսխ է՝ երեք չափումով՝ անցյալ, ներկա և ապագա:
Թատրոնը Հենրիկ Մալյանին միշտ ձգում էր լուսատուի պես: Բայց նշանավոր արվեստագետի թատրոնական ամենամեծ ավանդը Կինոդերասանի թատրոն-ստուդիայի հիմնումն էր: Առաջին իսկ ներկայացումներով այն «մալյանական» էր ոչ միայն ասելիքի թարմությամբ: Կոլորիտային պատկերավորում, սուր բեմավիճակներ, արտահայտիչ ու հանպատրաստից խաղ, բեմից հորդացող զվարթ հումոր. ահա խմբի բնութագրիչները ի սկզբանե: Եվ ի՜նչ նվիրումով էր նրա ղեկավարն աշխատում առաջին քայլերն անող երիտասարդ դերասանների հետ, փայփայում իր տեղծած թատրոնը:

 


Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առիթով հարցրի Մալյանին:
_ Կարծիք կա, որ Ձեր կինոն թատրոն է հիշեցնում, իսկ թատրոնում նկատելի է կինոմտածողությունը:
_ Ընկալման խնդիր է: Միայն կհիշեմ իմ մեջ տպավորված մանկությանս որոշ պահեր: Իմ ծննդավայր Թելավի քաղաքում երեխաներով բարձրանում էինք գերեզմանոց և ժայռին թառած՝ սպասում էինք թաղման թափորին: Գիտես՝ դա ինչ հետաքրքիր տեսարան էր. դրա մեջ թատրոն կար, կինոն էլ հետը:

 


_ Ասում են՝ Դուք տարօրինակ սովորություն ունեք. թաղումների ժամանակ անեկդոտ եք պատմում:
_ Կա այդպիսի բան: Բնական մղում է. մարդը միշտ տխրությունից ելք է փնտրում: Կյանքի հմայքը ուրախության մեջ է, մարդիկ որքան երջանիկ են, երբ երեխա է ծնվում:
_ Ձեր կինոյից, բեմադրություններից հումորն անպակաս է., տխուր պահերին էլ Մալյանի հերոսնեը սրամտում են:
_ Ցանկացած խոսք մաշվում է, իսկ հումորը՝ երբեք: Ծիծաղը լավատեսության բաղադրիչ է:
_ Ի՞նչը Ձեզ դրդեց «Գիքորը» սցենարի վերածել:

 


_ Կինոյի տված առաջին արցունքները ստացել եմ «Գիքորից», երբ 1934թ.մորս հետ տեսանք այդ ֆիլմը: Մի շրջան եղավ իմ կյանքում, որ ավելորդ էի ինձ զգում: Սցենարը այդ ժամանակ եմ գրել:
_ Գիտեմ, որ փայփայում եք Կոմիտասի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարը:
_ Մշակելու տեղեր կան: Ինձնից անկախ էլ խանգարող հանգամանքները քիչ չեն:
... Ռեժիսորը ֆիլմը սկսեց, բայց շուտով դադարեցրեց նկարահանումները: Մալյանի համախոհ, Կոմիտասի դերակատարներից Սոս Սարգսյանը տարիներ անց ասաց, որ Հենրիկի քայլը ճիշտ էր, որովհետև սցենարը չէր ստացվել, ֆիլմն էլ նրա ուզածը չէր լինելու...

(Հ. Մարտունու «Օթյակ» գրքից)

 

Ֆիմինե