Եգիպտոսում բժշկագիտությունը տարբերակված է: Յուրաքանչյուր բժիշկ բուժում է մեկ հիվանդություն, ոչ թե մի քանի: Ամբողջ երկիրը լցված է բժիշկներով: Ոմանք ակնաբույժ են, ոմանք ատամնաբույժ, ոմանք գլխացավի բժիշկ, մյուսները՝ որովայնի, ոմանք էլ ներքին հիվանդությունների: Երբ մեկը մահանում է՝ նրա վրա ողբալուց հետո դիակը տանում են զմռսելու: Կան մարդիկ, որոնք զմռսելը դարձրել են արհեստ: Վարձի մասին համաձայնության գալուց հետո նրանք շուտափույթ սկսում են զմռսումը: Վերջինս կատարվում է երեք եղանակով: Այսպիսին է թանկ զմռսելու եղանակը. նախ երկաթե կեռիկով քթածակերից հանում են ուղեղը եւ քանի որ հաջողվում է հանել ուղեղի միայն մի մասը՝ մնացածի վրա դեղեր են ներարկում: Այնուհետեւ եթովպական հատուկ քարով կտրվածք են բացում աճուկի մոտ, դուրս հանում ամբողջ փորը, մաքրում որովայնի խոռոչը եւ այն լվանում արմավի գինով, որից հետո դարձյալ մաքրում են տրորած անուշահոտ նյութերով. այնուհետեւ որովայնը լցնում են տրորած անարատ զմուռս, կասիա /վայրի դարչին/ եւ այլ անուշահոտ նյութեր, բացի խնկից, եւ դարձյալ կարում: Այդ ամենը կատարելուց հետո, դիակը յոթանասուն օր պահում են պոտաշաջրի մեջ: Ավելի երկար ժամանակ չի կարելի այն թողնել լուծույթում: Յոթանասուն օրն անցնելուց հետո, դիակը լվանում են, փաթաթում բեհեզյա կտավից կտրտած ժապավեններով եւ պատում խեժով, որը եգիպտացիներն առավելապես օգտագործում են սոսնձի փոխարեն: Այս արվելուց հետո, հարազատները հետ են վերցնում դիակը, պատրաստում մարդու կերպարանքով դագաղ, մեռյալին դնում դրա մեջ, փակում այն եւ պահում դամբարանում, որտեղ դագաղը զետեղում են պատին՝ կանգնած դիրքով:
Եթե թանկությունից խուսափելով կամենում են միջինը, ապա զմռսումը կատարում են հետեւյալ եղանակով: Զմռսողները մայրու յուղ են ներարկում մեռյալի որովայնի մեջ՝ առանց հերձելու եւ փորոտիքը հանելու: Այն ներարկում են հետանցքից, ապա խցանում, որպեսզի յուղը չթափվի: Այնուհետեւ դիակը զմռսում են, սահմանված օրեր թողնելով պոտաշաջրի մեջ, իսկ վերջին օրը փորից բաց են թողնում ներարկված մայրու յուղը: Յուղն այնքան ուժեղ է, որ քայքայվում եւ իր հետ դուրս է բերում ամբողջ որովայնն ու փորոտիքը: Իսկ պոտաշաջուրը քայքայում է մսերը, այնպես, որ դիակից մնում է միայն կաշին ու ոսկորը: Այս ամենն անելուց հետո դիակը վերադարձնում են հարազատներին:
Առավել չքավորներին զմռսելու երրորդ եղանակն այսպիսին է. որովայնը մաքրում են բողկի հյութով, դիակը յոթանասուն օր թողնում պոտաշաջրի մեջ, որից հետո այն վերադարձնում են հարազատներին:
Երեւելի մարդկանց կանանց, ինչպես նաեւ շատ գեղեցիկ կանանց մարմինները զմռսման հանձնում են ոչ թե մեռնելուց անմիջապես հետո, այլ երեք կամ չորս օր անց: Այդպես են անում, որպեսզի զմռսողները չխառնակվեն նրանց...
Հերոդոտոս