Արցախյան հակամարտության խաղաղ կամ ուժային կարգավորման ճակատագիրն անիմաստ է քննարկել Եվրասիայում ընթացող աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների ընդհանուր համատեքստից դուրս: Այդ գործընթացներն ուղղորդված են և կոչված են լուծելու դրանք ծրագրավորած ու նախաձեռնած ուժային կենտրոնների համար խիստ կարևոր, կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրները: Գործընթացի ծավալման այս փուլում թիրախ է դարձված Ռուսաստանը: Այս թիրախի ընտրությունը շարքային քաղքենուն առավել հասկանալի դարձնելու համար, այն նույնականացրել են այդ երկրի նախագահ Պուտինի հետ ու ստացվել է, որ թիրախը հենց պուտինյան Ռուսաստանն է: Այս մոտեցումը պատրանք է ստեղծում որ, իբր, եթե Ռուսաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնի արևմտյան արժեհամակարգի կրողը հանդիսացող մի նոր նախագահ, ապա ԱՄՆ-Մեծ Բրիտանիա զույգի քաղաքականությունն այդ երկրի հանդեպ կփոխվի: Սակայն խաղավարների առջև ծառացած խնդիրների լուծումը պահանջում է, որ Ռուսաստանն այդ կարգի նոր ղեկավար, գոնե առաջիկա հինգ-տասը տարիների ընթացքում, չունենա: Ընտրված մարտավարությունն արդյունավետ է այնքանով, որ ՌԴ շարքային քաղաքացին առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում կենցաղային լուրջ դժվարությունների բախվելով, գայթակղություն կունենա անջրպետվելու “պուտինյան Ռուսաստանից”՝ նախագահ Պուտինին մեղավոր ճանաչելով իրեն պատուհասած զրկանքների համար: Այսինքն՝ “պուտինյան Ռուսաստան” արտահայտությունն անգամ, ավանսով իր մեջ իշխանություն-ժողովուրդ ռուսական բաղձալի միասնության դեմ ուղղված վտանգ է պարունակում: Ռուսաստանի իշխանությունները հասկանում են, որ իրենց նկատմամբ որս է սկսվել, բայց, կարծում եմ, որ ամբողջական պատկերացումը չունեն այն մասին, թե ինչու էր դա, իրականում, անխուսափելի: Արցախյան հակամարտությունն այդ որսի հաջող ընթացքն ապահովող տեխնիկական միջոցներից մեկն է դառնում այժմ:

 

 

 

Արման Մելիքյան