Շատ վաղուց, երբ Լեոնիդ Իլյիչը դեռ ողջ էր, Հայաստանում էլ գլխավոր հարցեր լուծողը Կարեն Սերոբիչն էր, Պոլիտեխնիկից մի քանի քայլ ներքև Պոնչիկանոցն էր։ Ես չգիտեմ, թե պաշտոնական անունն ինչպես էր ու համոզված եմ, երևանցիների 99.9999 տոկոսն էլ այդ մասին տեղյակ չեն։ Բայց Պոնչիկանոցը գիտեին բոլորը։

 

 

Շոգ ամիսներին պոնչիկը միայն ջեմով էր լինում, ցուրտ ամիսներին՝ կրեմով։ Արժեր 5 կոպեկ։ 3 կոպեկ էլ մի բաժակ կակաոն էր։

 

 

Ու միշտ հերթ էր։ Կանգնում էիր խեղդոցի մեջ 20-25 րոպե, մեկ էլ ձայներ էին լսվում. «Բերեցի՜ն, բերեցի՜ն»։ Հերթն աշխուժանում էր։ Ժամանակին սպիտակ գույն ունեցած խալաթով և անպայման գեր վաճառողուհին իրար վրա դնում էր փայլուն ժեշտից ուղղանկյուն մեծ ամանները, որոնց վրա շարքերով դասավորված էին պոնչիկները։ Ու սկսում էիր գուշակել. «Կհասնի՞ թե չի հասնի»... Եթե չհասներ, ապա լրացուցիչ 20-25 րոպե էլ պիտի սպասեիր, բայց այդ անգամ արդեն հաստատ կհասներ։

 

 

Հետաքրքիր է, որ Պոնչիկանոցը միայն մեկն էր։ Համենայն դեպս կենտրոնում ուրիշ պոնչիկանոցի մասին երբևէ չեմ լսել։ Գարեջրատներ կային, ռեստորաններ, սրճարաններ... Իսկ Պոնչիկանոցը մեկն էր։ Թե ինչու մի քանի հատ չէին բացում, երևի թե է´լ երբեք չիմանանք. Սովետն այդ գաղտնիքն իր հետ գերեզման տարավ։

 

 

Կարեն Վրթանեսյան