Բավական էր՝ Սերժ Սարգսյանը հեռուներից մտահոգություն հայտներ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որպեսզի նույնը կրկնեին իշխանության տարբեր տրամաչափի գործիչները՝ իրար հերթ չտալով, գիտունիկի, ինչ-որ բան հայտնաբերածի հայացքով:


Ո՞ւր էին էս տղերքը, որ այդ մասին հազար անգամ ասում-գրում էինք:
Ասեմ՝ ո՞ւր էին:


Այն ժամանակ Սեր Սարգսյանն այս թեմայով լռում էր, իրանք էլ փիս եվրասիական կայֆերի մեջ էին ու ամեն գնով պաշտպանում էին այն տափակ թեզը, թե իբր ավելի լավ է Ադրբեջանի զինվելու հաշվին մեր ՙՙբարեկամ՚՚ ռուսները յոգուրդ ուտեն, քան՝ ՙՙոսոխ՚՚ թուրքերը:
Հիմա վիճակը փոխվել է. Հայաստանին Եվրասիական տնտեսական միության դռանը մուրացիկի պես են պահում:


Սարգսյանն էլ որոշեց հեռուներից մի փոքր ՙՙատամ՚՚ ցույց տալ ռուսներին: ՙՙԱտամնահատիկի՚՚ արարողությունն էլ երևանյան շոգին դիմացած ու գործի գնացող հանրապետականներն են անում:


Տեսնես գոնե մի անգամ մտքներով անցե՞լ է նույն բանն անել մինչև Սարգսյանի հայտարարությունը:
Հազիվ թե:


Համոզված եմ՝ անգամ ՀՀԿ ներքին քննարկումներում ոչ ոք մտահոգություն չի հայտնել, որ մեր բարեկամի վաճառած զենքով մեր զինվորին սպանում են:


Ու դրա համար՝ այսքան խղճուկ է մեր քաղաքական համակարգը:
Թող իմ հին ընկեր Քոչարյան Շավոն չնեղնա, բայց նրա դեմքի խեղճության նման խեղճ է մեր արտաքին քաղաքականությունը:


Շավոյին էլ հիշեցի, որովհետև նա խորհրդանշական ֆիգուր էր եվրոասոցացում ՙՙհարս գնացած՚՚ ու մի գիշեր հետո ՙՙեվրասիական բարդակում՚՚ հայտնված Հայաստանի համար...

 

 


Սուրեն Սուրենյանց