ՀՀ-ի' ԵՏՄ-ին անդամակցելու ժամկետների հետ կապված վերջին շրջանում առկա անորոշությունը հասարակության մեջ դժգոհությունների առիթ է հանդիսանում: Ըստ մի տեսակետի, Ղազախստանը և Բելառուսը դեմ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ինչը նշված գործընթացում լրջագույն խոչընդոտ է Հայաստանի համար:
Սակայն, մեր կարծիքով, դա այնքան էլ այդպես չէ: Ղազախական և Բելառուսական կողմերից հնչող հայտարարություններն ու այդ պետությունների պահվածքն առավելապես կրում են ցուցադրական բնույթ: Օրինակ' Ղազախստանը, Ադրբեջանի հետ ունենալով սերտ հարաբերություններ Թյուրքախոս պետությունների համագործակցության շրջանակներում, բնականաբար, պետք է որոշ քայլեր ձեռնարկեր իր բարեկամ պետության սիրտը շահելու, կամ, գոնե, նրա քաղաքական շրջանակներում դժգոհություն չհարուցելու նպատակով:
Հասկանալի է, որ ԵՏՄ-ում հիմնական դերակատարը Ռուսաստանն է, իսկ մյուս երկու անդամները, եթե նույնիսկ դեմ լինեն, ՀՀ-ի անդամակցության գործընթացին խոչընդոտել չեն կարող: Պարզապես նրանք փորձում են առիթը բաց չթողնել ու Ռուսաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզել:
Ուշագրավ է նաև այն, որ Ղազախստանի ու Բելառուսի' ԼՂ-ի հետ կապված առաջին հայացքից կոշտ թվացող հայտարարությունները որևէ ամրագրում չեն ստանում, նույնիսկ հատուկ կարծիքների ձևով: Այս հանգամանքը ևս խոսում է այդ հայտարարությունների' զուտ ցուցադրական բնույթի մասին:
Դեռ ավելին, Կրեմլին մոտ գտնվող վերլուծական շրջանակների ուսումնասիրություններում կարելի է նկատել այն երանգը, որ ԵՏՄ-ին անդամակցությունից բխող' Հայաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև հնարավոր խնդիրների կարգավորումը ՌԴ-ն վերցրել է իր վրա:
Սա արդեն վկայում է այն մասին, որ խնդիրը ժամկետների մեջ է, իսկ անդամակցության գործընթացի բովանդակային կողմը հաջող է ընթանում:
Դավիթ Պետրոսյան