Ինչպես հայտարարել էի պատրաստվում եմ լույս ընծայել իմ «Վարք զինվորաց. Մերոնք» գիրքը, որտեղ հերոսներն իրական են, պատմություններն՝ Արցախյան հերոսամարտից:
Գրքի տպագրման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված փնտրտուքներս շարունակվում են և վստահ եմ, որ մինչ խոր աշուն գիրքն ընթերցողի սեղանին կդրվի, բայց քանի որ ինքս էությամբ անհամբեր եմ, որոշեցի պարբերաբար հերոսների կյանքի փոքրիկ դրվագները ներկայացնեմ նաև ձեզ: Դրանք այսօրվա շարքային գեներալների պատմությունները չեն: Այս պատմվածքներում, այսպես կոչված, շինծու ոչինչ չկա. տղերքն իրական են՝ մեզ հետ, են մեր կղքին: Ես այն չէի գրի, եթե ժամանակի գրողները հայ զինվորի կերպարը բավարար չափով ներկայացնեին՝ ովքե՞ր են նրանք, ինչերի՞ միջով են անցել: Եվ այսպես, 2 դրվագ մեր Լեռնիկի պատմությունից.
-Ղափանում էինք: Երևանից ականանետեր էին բերել: Ղափանցի Համլետ Քոչարյանը տղերքի հետ որոշեց փորձարկել: Մենք գետնափոր տնակում էին: Քիչ անց պայթյուն լսեցինք: Դուրս վազեցինք: Ականանետը չէր աշխատել, տղերքի կյանքը փրկելու համար Համլետը սեփական մարմնով ծածկել էր այն: Երբ տեղ հասանք, Համլետը դեռ ողջ էր: Աղիքները որովայնից կախ ընկած էին, դառը ծիծաղեց. «Ոնց որ իմն էլ այստեղ պրծավ»:
Զգուշությամբ պատգարակի վրա դրեցինք, կախված աղիքները տեղավորեցինք: Մինչ հիվանդանոց հասնելը՝ ողջ էր, հիվանդանոցում Համլետը մահացավ:
Թաղումից հետո Վազգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ռուսները տարածքում հատուկ օպերացիա են իրականցնելու, գյուղերում մնալ չենք կարող, իսկ ովքեր պիտի մնան, այսպես ասած, պիտի ձուլվեն սարերին: Որոշեցինք՝ մեր սարերն ու լեռները մեր տունն են, ուրեմն, ինչ էլ, որ լինի, մենք ազգաբնակչությանը մենակ չենք թողնի, կբարձրանանք Խուստուփ լեռը: Տեղի պատասխանատուներից մեկին դիմեցինք վրանների համար, սա էլ, թե՝ «տուրբազան» թալանել են, մեկ վրան անգամ գոյություն չունի: Մտածեցինք տեղացիներից խնդրել, ընկանք տնետուն: Տեղացիներից մեկը, թե՝ հիշյալ պատասխանատու պաշտոնյան ձեզ խաբեց, «տուրբազայի» վրանները նրա ամառանոցում են: Ամառանոցի տեղը ցույց տվեցին, կողփեքը կոտրեցինք, ներս մտանք:
Տասնյակներով վրաններ կային: Ինչ անհրաժեշտ էր՝ վերցրեցինք, գնացինք պատասխանատուի մոտ: Գույնը գցեց, թե՝ տղերք, մոռացել էի: Էլ ոչինչ չասացինք: Իսկ հիշյալ պաշտոնյան մինչ օրս Հայաստանի էլիտայի կարկառուն անդամներց է:
Վրանային ճամբար խփեցինք Խուստուփի լանջերին: Բառերով Խուստուփի վեհությունը չես ներկայացնի: Այն հայոց հաղթանակների , հնարավորությունների հավերժ վկան է: Խուստուփի ամեն մի քար ու ապառաժ մեր հաղթանակի կնիքն է կրում…
Գլուխս վիրակապած՝ Հադրութի հոսպիտալի նկուղում եմ: Կեսգիշեր է. աչքերս վիրակապի արանքից շոշափում են տարածքը: Տարածք ասածն էլ՝ իմ հիվանդասենյակն է, ավելի ստույգ՝ հիվանդախուցը: Դուռը կամաց բացվեց: Տեսածիս չեմ հավատում, խլացուցիչի սև փողը դեպի ինձ է պարզած: Հայացքս վեր բարձրացրեցի, դիմակավորված մեկը զենքի փողը գլխիս է ուղղում, հետս ուզում են հաշվեհարդար տեսնել.
«Սպասի՛ այ բ…-ի տղա, նախ աչքերիս նայի,-վիրակապը գլխիցս հետ քաշեցի,-նայի՛ աչքերիս, նոր կրակի, արա՛,-թույլ ձայնով գոռացի»: Սրա աչքերի բիբերը, որ միակ դուրս պրծած մասն էին դիմակից, տենդագին շարժվեցին: Վարձու սրիկան գուցե մի պահ զղջաց կամ ճանաչելով երկմտեց. չգիտեմ: Զենքը դանդաղ ուղղեց գլխիս, մատը գնաց ձգանին: Աչքերս փակեցի: Վայրկյաններ կան, որ ոչ թե տարի, այլ դար արժեն: Կարծես երազիս մեջ, իմ հայհոյանքին զուգահեռ, կանացի անեծքախառը ճչոցի ձայն լսեցի.
-Թաղե՛մ քեզ… դու էս շիտակ կռվող տղին ի՞նչ իրավունք ունես սպանելու…
Գլխիս ոսկորը միանգամից տաքացավ: Կրակոցը նպատակակետին չէր հասել: ճակատիցս վերև շամփրելով՝ գլխիս վրա ակոս էր առաջացրել: Մարդասպանը փախավ…
Սուրեն Սարգսյան