Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն ու իրականացված գործողությունների բնույթը ցույց են տալիս, որ Ադրբեջանն առաջնագծում իրականացվող քայլերում մարտավարական փոփոխությունների է գնացել:


Այն, որ ադրբեջանցիները սադրանքներ իրականացնելով ոչնչի առաջ կանգ չեն առնում, հայտնի էր վաղուց, քանզի մեկ անգամ չէ, որ ադրբեջանական մարտական կրակակետերի թիրախում են հայտնվել դաշտերում աշխատող քաղաքացիական անձինք կամ մանկապարտեզներում ու դպրոցներում սովորող երեխաները:


Սակայն Քարվաճառի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունն իր բնույթով աննախադեպ էր, որովհետև ադրբեջանցի հատուկ ստորաբաժանումը ոչ միայն սպանել կամ վիրավորել էր իր ճանապարհին հայտնված խաղաղ բնակիչներին, այլ Արցախի հատվածից մուտք էր գործել Հայաստանի տարածք:


Ո՞րն էր Ադրբեջանի կողմից նման քայլի գնալու նպատակը


Դիվերսիոն գործողություններ իրականացնելով և դիպուկահարներին ակտիվ խաղի մեջ նետելով Ադրբեջանը նպատակ ունի բանակցություններում զիջումներ կորզել, ինչպես նաև՝ միջնորդներին հասկացնել, որ հիմնախնդիրը սառեցված չէ:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Քարվաճառի դեպքում հիմք է տալիս պնդելու, որ այս դեպքում Ադրբեջանն իր առջև նաև այլ խնդիր է դրել: Հայտնի է, որ տարբեր միջազգային կառույցներում, Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է Արցախի վերաբնակեցման հարցը՝ հայտարարելով, որ պրոցեսը հակասում է բանակցությունների տրամաբանությանը:
Գիտակցելով, որ իր փաստարկները զուրկ են տրամաբանությունից, իսկ պատերազմական հռետորաբանությունը չի խոչընդոտում վերաբնակեցման գործընթացին, Ադրբեջանը դիմում է անթույլատրելի քայլերի՝ ահաբեկչական գործողությունների միջոցով փորձում է վախեցնել Արցախում բնակություն հաստատած կամ նման ցանկություն ունեցող անձանց:


Որո՞նք են մեր անելիքները


Առաջին ու ամենակարևոր նախապայմանը՝ երբեք չթերագնահատել հակառակորդին, ուսումնասիրել նրա՝ նույնիսկ ամենաչնչին թվացող քայլերը, մանավանդ, առաջնագծում:


Երկրորդ, անհրաժեշտ է իրականացնել լուրջ ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է հաջողվել հակառակորդի դիվերսիոն խմբին ներթափանցել Արցախ, ապա Հայաստան:


Երրորդ, վերանայել սահմանների անվտանգության ապահովման մեխանիզմներն ու փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս ապահովել և մարտական հենակետերում ծառայություն իրականացնող անձնակազմերի և խաղաղ բնակիչների անվտանգությունը:

 

 

Տիգրան Աբրահամյան