Ահա, նորից ծղրիդի ձայնն ուղեկցում է գիշերվան' դեպի լուսաբացը, և աքաղաղներն էլ, կարծես մրցավազքի մեջ են, ինչպես հնում, հին ու բարի ժամանակներում...
Գյուղն արթնանում է, քաղաքից շուտ է արթնանաում գյուղը, չնայած քաղաքը չի էլ քնում...
Աքաղաղների ծուղրուղուն կա, մնացել է, բայց առաջ՝ աքաղաղների մրցակցությունը խիստ էր սրված, շատ էին դրանք:
Քաղաքում դեռ զույգեր են քայլում, նայում են աստղազարդ երկնքին, չնայած՝ քաղաքից երկինքն այնքան էլ աստղազարդ չէ, ինչպես գյուղում, բայց զույգը պեղում է աստղեր, նրանց սիրո կրակները՝ աստղ չէ, արևներ էլ կպեղեն, այո, դա այդպես է...
Գյուղում անքնություն կա, բայց զույգով աստղեր պեղելը չկա, գյուղում ավանդապաշտ են, գյուղում աղջիկները զբաղված են, տղաները զբաղված են, գյուղում ժամանակ չկա, գյուղում ժամանակը ավելի թանկ է, քան քաղաքներում...
Արթնանում է երկիրը, առավոտը ողջույններն է շռայլում, մարդիկ բացելով աչքերը՝ հույս ենակընկալում ու նշմարում, արևի շողերից անգամ, ամենուրեք առհասարակ: Կա հույս, իհարկե կա, չեն կորցնում մարդիկ հույսերը, բայց աքաղաղներից զատ, նաև մարդիկ են պակասում, մարդիկ հեռանում են, իրենց հետ տանելով՝ աքաղաղին էլ, շանն էլ, հոգսերն էլ...
Մարդիկ հեռանում են, բայց լուսաբացներն իրենց հմայքը չեն կորցնում, այդ մարդիկ են կորցնում, այո, միայն ու միայն մարդիկ, քանզի Հայրենիքի լուսաբացն այլ է, որքան էլ, որ այն լինի աղքատիկ ու սակավաբույր: Եվ հետո, մենք ինքներս ենք երաշխավորը, և աղքատության և հաղթանակի, և վերջապես՝ հրաշալի լուսաբացների, այն լուսաբացների, որոնք դեռ դիամվորելու են մեզ, հավատում եմ...
Աշոտ Ավետիսյան