Ընկերներիցս մեկը, որ ջերմեռանդ ու բարի Քրիստոնեա է, վատ հարաբերության մեջ է իր ծնողների հետ: Երբ ես նրան քաջալերեցի որ շտկի իր հարաբերությունն իր ծնողների հետ, քանի որ ծնողին պատվելը նախ Աստվածային պատվիրան է, երկրորդն էլ միակ պատվիրանն է 10 Պատվիրաններից որ իր հետ ունի խոստում, նա պատասխանեց "էտ պատվիրանն իմ ցուցակից դուրս է:" Նա այդ պահին չէր պատկերացնում թէ որքան է վիրավորում ՆՐԱՆ ում հինգ րոպե հետո պիտի աղոթեր ու ՆՐԱՆԻՑ բաներ խնդրեր:
Իսկ ձե՞ր մոտ ինչպես է վիճակն իմ Քրիստոնեա ընկերներ: Արդյո՞ք ձեր Քրիստոնեական կյանքի մեջ Աստված ներկա է իր ամբողջ Սիրով, Խոսքով ու Հեղինակությամբ, թէ՞ պատվիրանների կիսատ ցանկով:
Քրիստոնեաի կյանքում Աստվածային օրհնություններն ու բարի սերը գալիս է միայն այն ժամանակ երբ Քրիստոնեա անձը անմնացորդ ու անձնվեր սիրով նվիրվում է ՍԻՐՈ օբյեկտին որին ասում է թէ սիրում է: Սա կատարվում է այն ժամանակ երբ Աստված ինքը ներս է գալիս մեր կյանքի մեջ ու սկսում գործել մեր մեջ ու լուսավորել: Հիշում՞ էք ինչ ասեց Տէր Հիսուսը Հայտնության գրքում «Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։» Հայտնություն 3:20: Մենք չգտիենք սա ինչպես է լինում, բյաց հավատում ենք: Եվ նրանք (եկեղեցու սուրբ հայրերը) որոնք հավատքով թույլ են տվել սա ու անմնացորդ բացել էն իրենց սրտերը Հիսուսի առաջ, բոլոր միաբերան խոսում են այն փորձառության մասին, որոնց ես անդրադարձել եմ վերջին պարբերությունում:
Հիմա պատկերացրեք որ մենք Հիսուսին ասում ենք: Հիսուս ջան դուռս բացում եմ քո համար, ներս արի, բայց էտ քո պատվիրաններից մի երկու հատը դիր դռան առաջ, նոր մնացածով ներս արի: Ես քեզ ուզում եմ, բայց քո պատվիրաններից 5 հատը չեմ ուզում, դրանք թող դռան շեմին նոր ներս արի: Ես քեզ շատ եմ սիրում, ամեն կիրակի եկեղեցի եմ գնում, հաղորդություն վերցնում, պահք պահում, բայց են որ ասում ես աղոթեցեք ձեզ ատողների համար, դա չեմ կարողանում, էտ պատվիրանդ դիր դռան շեմին նոր արի ներս: Որ ասում էս պատվիր քո հորն ու մորը, այդ պատվիրանը չեմ ուզում, թող դռան շեմին նոր արի իմ կյանքի մեջ: Որ ասում էս սուտ վկայություն մի տուր, էտ էլ չեմ կարողանում անել, թող դռան շեմին ու ներս արի իմ կյանքի մեջ: Էն որ ասում էս զղջացեք ու ապաշխարհեք, էլ ինչ զղջամ Հիսուս ջան, արդար մարդ եմ, ոչ սպանում եմ, ոչ էլ գողություն անում, նենց որ էտ էլ թող դռան շեմին նոր ներս արի: Հիսուս ջան, մի խոսքով, քո բոլոր պատվիրաններն ու կամքը դիր դռան շեմին նոր ներս արի, քանի որ ես իմ սեփական կամքն ու ցուցակն ունեմ:
Սիրելի Քրիստոնեա ընկերներ ջան մեր կյանքերն այսպես են, երբ նայում էնք մեր շուրջը: Այսպես կլինի՞ Թէ՞ կարծում էք Հիսուսն էլ "էրէկվա էրէխեն ա..." ու "հի-հի-հի հա-հա-հա" ներս կգա: Նման դեպքերի համար էր երևի, որ Հիսուսն ասեց «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք...» Մաթ. 7:21-24
Ուրեմն, սիրելի ընկերներ, եթե Քրիստոնեա էք, ապա այսօր քննեք ձեր խիղճն ու չափեք ձեր սերը Նրա նկատմամբ: Թէրևս կարող էք ավելի սիրել Հիսուսին: Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, գրված է Առակաց գրքում: Բայց ոչ թէ երկյուղեք Աստծուց, այլ երկյուղեք որ հանկարծ չանեք մի բան, որը կվիրավորի Նրան ու կվնասի այդ անկեղծ ու սիրո-վրա-հիմնված կենարար հարաբերությունը:
Այ հենց այս դեպքում է որ մենք սկսում ենք քիչ քիչ, ԻՐ օգնությամբ ու հավատքով, ազատվել այն կործանարար կրքերից, որ կեղեքում ու տառապանք էն դարձնում կյանքը մեզ համար ու մեր շուրջի մարդկանց համար: Այստեղ է որ սկսվում է իսկական փոփոխությունը մարդու կյանքում, իսկական բուժումն ու առողջացումը: Եվ այստեղ է որ մարդն իսկապես, կամովին, անձնվեր նվիրվելով իր սիրելի Աստծուն ու մարդկանց, սկսում է ճաշակել Աստվածային օրհնությունների համը, որ մեծագույն երանություն է մարդու համար:
Եթե Հիսուսին իր ամբողջ Սիրով ու Պատվիրաններով ընդունեք ձեր դռնից ներս, ապա կճաշակեք նրա հրաշալի օրհնությունները ձեր կյանքում: Դուք կսկսեք զգալ Աստուծո հավատարմությունը ձեր նկատմամբ: Դուք կունենաք այդ փորձառությունը: Դուք կունենաք այն շնորհը, որը ձեզ անհրաժեշտ է այս օրվա դժվարությունը կրելու համար: Դուք կզգաք որ դեռ ուշ չէ կատարելու այն ամենը ինչ Տէրը նպատակ է դրել ձեր սրտում: Դժգոհելու փոխարեն դուք կլցեվեք երախտագիտությամբ ու կտեսնեք թէ Աստված ինչ է արել ձեզ համար այս կյանքում:
Դուք կհասկանաք թէ ինչ է նշանակում լինել Աստուծո ժառանգավոր զավակ: Դուք կհասկանաք թէ ինչքան օրհնություններ ունի ՆԱ ձեզ համար ու ձեր սերունդներ համար, քանի որ նրանք էլ են ԻՐ ժառանգությունը: Դու կսկսեք տեսնել թէ ինչ հզոր ծրագիր ունի Աստված (ՍԵՐԸ) ձեր ու մեր բոլորի կյանքերի համար: Դուք կտեսնեք թէ ՆԱ ինչքան է ուզում ձեզ տալ ու թէ վերցնելն ինչքան է ձեզնից կախված: Դու կտեսնեք թէ ՆԱ ինչքան է ուզում ձեզ բարցրացնել ժպիտով, խաղաղությամբ և ուրախությամբ: Միայն թէ հավատքով ու սիրով բացեք ձեր դռները ՆՐԱ համար, «քանի որ նա ասաց ,ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի.» Հովհ. 6:37
Արմեն Հարեյան