Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի մի շարք գյուղերում տեղացել էր կարկուտ, ինչի արդյունքում տեղի գյուղացիական տնտեսությունները կրել էին լուրջ վնասներ: Մասնավորապես, բերքը վնասվել էր 100 տոկոսով:


ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզի տուժած համայնքներ, լսել բնակիչների բողոքները, խոստացել, որ վնասի չափերը, ըստ տնտեսությունների, կարձանագրեն ու կաշխատեն անպայման լուծում տալ կառավարությունում:


Գյուղացիների բարձրացրած բողոքների թիվ մեկ առարկան եղել և մնում է գյուղատնտեսական վարկերի խնդիրը: Ու տարեցտարի հարցը պատշաճ լուծում չի ստանում: Իսկ այդ ամենի հիմնարար պատճառն այն է, որ ժամանակաին, պատկերավոր ասած, մեր այն տարիների իշխանությունները ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ, կարելի է ասել, գյուղացուն հանձնեցին հողին, քանզի, թեև գյուղացին դարձավ հողի սեփականատեր, սակայն մնաց դեմ առ դեմ ամենատարբեր խնդիրների հետ՝ եղանակից մինչև նյութական հարցեր: Իսկ գյուղատնտեսական վարկերը, բնականաբար, չեն կարող համարվել հարցի լուծում, քանզի բարձր տոկոսադրույքների, կարճ ժամկետների և անարդյունավետ օգտագործման արդյունքում ընդամենը դառնում են բեռ գյուղացու ուսերին:


Իհարկե, եղանակային խնդիրներից ոչ ոք ապահովագրված չէ: Սակայն ինչպես է ստացվում, որ ագրարային ուղղությունը շատ ավելի գերակա ուղղություն համարող Նոր Զելանդիայում նման դեպքերը գրեթե վնաս չեն պատճառում գյուղատնտեսությանը: Գուցե այն պատճառով, որ այնտեղ ավելի ճշգրիտ կերպով են փորձել լուծում տալ խնդրին:
Առկա իրողությամբ գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է ոչ թե իր իրական գործառույթը՝ ՀՀ ագրարային քաղաքականության մշակումն ու իրականացումը, այլ վերածվում է մի տեսակ 2-րդ արտակարգ իրավիճակների նախարարության, քանզի հիմնականում զբաղված է աղետների հետևանքների վերացման և պատճառված վնասի վերականգնման հարցերով: Իսկ այդպես հեռու չենք գնա: Իսկ այս ամենը հանգեցնում է անվստահության ոլորտի խորացմանը:


Այն հարցին, թե ինչու գյուղացիների մոտ անվստահություն կա կառավարության հանդեպ, նախարարը համաձայնեց, որ, իրոք, նման բան կա, սակայն պատճառաբանեց դա կառավարության նոր լինելով և նշեց, որ ամեն ինչ կանեն այդ վստահությունը վերականգնելու համար: Բայց գյուղատնտեսության նախարարն էլ հո նոր չէ...

 

 

Գոռ Սաղաթելյան