Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 9-ին տեղի է ունենալու հերթական նիստը, որի ժամանակ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի անդամները քննարկելու են «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հարցը:

 

Խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի մեկից, այսինքն նույն այն ժամանակ, երբ նախատեսված է ՀՀ-ում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հավելենք, որ «Երևան ջուրն» այս տարում որոշել է անփոփոխ թողնել մանրածախ գործող սակագները, սակայն արդեն հաջորդ տարվա համար նախնական առաջարկ կա ջրի գինը բարձրացնել:

 

Այս շաբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել էր մոտ տասը տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հիմնավորում, թե ինչու է որոշվել բարձրացնել նաեւ ջրի սակագինը, դեռեւս չկա:

 

 

Արթուր Սաֆարյան