28 տարի առաջ 1986-ին Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչում հանդիպեցին Ֆրանսիան ու Գերմանիան: Կարծեմ սա այդ թիմերի վերջին հանդիպումն էր խոշոր մրցույթներում: Ես նոր էի սկսում ֆուտբոլ նայել էդ ժամանակ /մինչեւ էդ մենակ Արարատի խաղերն եմ նայել/, ու արդեն ընտրել էի ինձ համար Գերմանիայի թիմը որպես հիմնական "սեր" միջազգային ասպարեզում: Միջավայրի՝ ինձնից տարիքով մեծ "ձաձաների"՝ բարեկամ, հարեւան, նաեւ հասակակիցներիս՝ հայաթի տղերքի համար գերմանասեր ընտրությունս ընկալելի չէր:
Գերմանական ֆուտբոլը համարվում էր հակառոմանտիկ, իսկ Հայաստանում էն ժամանակ հիմնականում սիրում էին բրազիլական ոճի ֆուտբոլ, որը համարվում էր ռոմանտիկ ու սիրուն: Գերմանացիներին որպես ազգ էլ սիրող չկար՝ հասկանալի պատճառներով: Ֆուտբոլային տեսակետից, 1986-ի այդ կիսաեզրափակիչից առաջ Ֆրանսիայի շանսերը շատ ավելի նախընտրելի էին համարվում:Ֆրանսիայում այն ժամանակ խաղում էին Պլատինին, Տիգանան, մյուսները, որոնք ֆանտաստիկ ֆուտբոլ էին խաղում: Գերմանացիները 2-րդ տեղով դուրս էին եկել խմբից՝ պարտվելով դանիացիներին (Լաւոդրուպի ժամանակվա Դանիան էր), ոչ ոքի խաղալով Ուրուգվայի, եւ հաղթելով Շոթլանդիային:
1/8-երորդում զոռով կրել էին Մարոկոյին՝ 1-0, հետո պենալներով անցել էին Մեքսիկային զրո-զրո խաղից հետո: Ֆրանսիացիք մինչ այդ հաղթել էին Իտալիային, ապա պենալներով՝ Բրազիլիային (Զիկոյով, Սոկրատեսով): Մի խոսքով, ֆրանսիացիք ակնհայտ ֆավորիտ էին, մանավանդ կար 82-ի հայտնի խաղի վրեժի խնդիրը: Էդ առումով իմ շանսերն էլ անհույս էին՝ 10 տարեկան տղեն մեծահասակների ու հասակակիցների միահամուռ կարծիքի դեմ՝ Գերմանիան պարտվելու է: Դե արդեն երեւի տեղյակ եք, որ Գերմանիան հաղթեց ու անցավ եզրափակիչ: .....: )
Հրանտ Տէր-Աբրահամեան