Հիմա կարդում եմ դերասան Սեպուհ Ապիկյանի գրությունը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Նաև կարծիքները, որոնք երեկվանից հնչում են: Երբ Լյուբիկը որոշեց ապաստան խնդրել Ադրբեջանից, կարծեմ այս աստիճան մեծ աղմուկ չբարձրացավ: Դե հա, հասկանալի է, աղմուկ բարձրացավ, բայց նման ծաղրական երանգներ չունեցավ. երևի խոսքը Լյուբիկի դեպքում իշխանական բուրգի մի մասնիկի մասին էր, այն էլ Հանրապետականի, ու մարդիկ որոշեցին' "շառից փորձանքից հեռու" -ցավալի է, ինչ խոսք, որ իշխանական ապարատի թեկուզև նախկին աշխատակիցը, այն էլ Հանրապետական, համարվում է "շառ ու փարձանք"-: Իսկ դերասանի դեպքում սկսեցին աղմկել սեփական գոյության մասին աշխարհին ազդարարելու "փառքի ակնթարթ" վայելելով: Ինչ որ է: Չեմ ուզում ծավալվել. ի վերջո մարդու իրավունքն է մնալ ՀՀ քաղաքացի, կամ հրաժարվել այդ քաղաքացիությունից ու ոչ ոք չի կարող այն քննարկել կամ շահարկել: Սակայն հնչած կարծիքներից մեկը կուզենայի առանձնացնել. խոսքս Ստյոպա Սաֆարյանի գրառման մասին է:Մեջբերեմ գրառումը.


"Ես չեմ բացառում, որ մարդիկ կարող են պահի հիասթափությունից նման տողեր գրել: Չեմ մեղադրում: Բայց մի հարց տամ. մինչեւ կովը ձեր դռանը չչոքեր, մինչեւ ձեզ այդ վիճակում չդնեին, չգիտեի՞ք, թե ինչպիսի երկրում եք ապրում: Իսկ դուք ուրիշ նեղն ընկածի կողքը կանգնե՞լ եք, պաշտպանե՞լ եք, պայքարե՞լ եք նրա համար: Որքան հիշում եմ՝ ոչ: Հետեւաբար կողքիններին մի մեղադրեք": Եվ իրոք, պարոն Ապիկյան, էս ինչ խաբար է, որոշել եք պայքարող դառնալ. միթե Ձեր հայրենասիրությունը հենց այդ տուգանքի չափով էր չափվում: Ինչու եք ոգևորվել բա հիմա, երբ արդեն քանի տարի է նույն բանն ենք ասում ու խոսում. Հայաստանը Ձեր համար սահմանափակվում էր միայն նեղ անձնական շահով ու գրպանի պարունակության ապահովությամբ, որ հենց հարվածի թիրախ դարձաք, սկսեցիք աղմկել: Ուրեմն բարի գալուստ Հայաստան, իրական Հայաստան, այստեղ դուք տանն եք' ապահով Հայաստանում: Ու կարիք չկա մուննթաը դարձնել քաղաքական կատեգորիա: Փառք Աստծո, Ձեր գնալով էլ մնալով էլ մեծ բան չի փոխվի էս երկրի կյանքում, հասարակության մեջ. իսկ դերասաններ Ձեզանից ավելի լավը, միշտ էլ կգտնվեն, փայլուն երիտասարդ սերունդ է գալիս: Այնպես, որ ինչպես պարոն Սաֆարյանը նկատեց' ուրեմն մի մեղադրեք կողքիններին:

 

 

Նարեկ Գաբրիելյան