Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի փոխնախարար Հայան Սալմանը
Դամասկոսում կազմակերպված՝ «Ճգնաժամի ազդեցությունը սիրիական տնտեսության վրա» խորագրով ֆորումի ընթացքում հայտարարել է. «Սիրիայի հյուսիսային շրջանների հանքավայրերից անցյալ շաբաթ գողացված նավթը Թուրքիային է վաճառվել 2 դոլար բարելի դիմաց սակագնով, իսկ Թուրքիան, իր հերթին, վերավաճառել է այն ամերիկյան միջնորդին 40 դոլարով»: ՍԱՀ փոխնախարարի կարծիքով՝ ազգային ունեցվածքի նման թալանի նպատակն է՝ կործանել Սիրիայի տնտեսությունը և նվազեցնել նրա արտադրողական ներուժը: Սիրիացի պաշտոնյան նաև նշել է, որ գործարքի ֆինանսավորումն իրականացվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող բանկերից մեկի կողմից, որն, իր հերթին, զբաղվում է նաև սիրիական դրամական միավորի՝ լիրայի առքով՝ Լիբանանի, Իրաքի և Հորդանանի միջոցով:
Վերոնշյալն, ըստ էության, հերթական ապացույցն է այն իրողության, որ գործող սիրիական վարչակարգի դեմ իրականացվում է համակողմանի պայքար, որի նպատակն է սիրիական իշխանություններին հարվածել ոչ միայն քաղաքական, ռազմական ուղիներով, այլև՝ ֆինսական և տնտեսական՝ բնականաբար հակամարտությանը ներգրավված արտաքին ուժերից յուրաքանչյուրի կողմից ստեղծված իրավիճակում հնարավոր առավելագույն օգուտ ստանալու տրամաբանությամբ:
Այս տեսանկյունից, թերևս ամենաշահեկան դիրքերում է Սիրիայի հյուսիսային հարևան Թուրքիան, որտեղ, վերոնշյալ նավթի վաճառքի օրինակով, «ջրի գնով» իրացվեցին Արաբական Հանրապետության հյուսիսային տեքստիլ և դեղագործական արդյունաբերության գյուղատնտեսության ոլորտի հաստոցներն ու սարքավորումները. մեկ անգամ չէ, որ Սիրիայի ԱԳՆ-ը միջազգային հարթակներում բարձրաձայնել է Անկարայի կողմից սիրական կառավարությանը հասցված մի քանի միլիարդ ամերիկյան դոլարի հասնող վնասի մասին:
Արմեն Պետրոսյան