Ինձ մի մոմ ու մի կտոր նվիրում տվեք՝ անքուն գիշերվա խավարում լույսը գտնելու համար…
Քսաներկու տարի առաջ սկսեցինք մեր տան շինարարությունը։
Դժվար էր, անտանելի դժվար. ոչ փորձ ունեինք, ոչ՝ օգնող։
Շուրջն ավեր էր, կողքերը՝ կրակ, հետևում՝ ուրացում, դիմացը՝ անհաղթահարելի մառախուղ։
Բայց հավատ կար ու տունը կառուցվում էր՝ մի քիչ խենթավարի, մի քիչ հայվարի։
Ամեն ինչի մեջ՝ սեր, հավատ, նվիրում կար։
Անտանելի խավարը չքանում էր փոքրիկ մի մոմի լույսից, էդ լույսը մեր հոգիների մեջ էր։ Ամենքս՝ մեր բաժին մոմով, մեր տունը լուսավոր էինք պահում։
Հավատ կար…
Աչքի լույսը կորցրած, բայց հոգու աչքերը վառ պահած տատին անընդհատ գործում էր՝ վստահ, որ իր գործած գուլպան հաղթանակ ստեղծող զինվոր է տաքացնելու։
Զինվորին սպասող մոր արցունքները հպարտություն ու կարոտ էին խորհրդանշում և՝ ոչ մի տրտունջ։
Զինվորն էլ հավատում էր, սիրում, նվիրվում՝ հայրենիքին, ծնողին, սիրած աղջկան ու երեխային։
«Մամ, կգամ», –ասում էր մահապարտ դարձած կորյունը՝ հաստատ իմանալով, որ առաջին ու վերջին անգամ մորը խաբում է…
Գոնե մի անգամ համբուրեր սիրած աղջկան, մի կարգին սիրեր ու սիրվեր երեկվա ամոթխած ու թաքուն սիրող պատանին…
Չհասցրեց, որովհետև մեր տունն էինք սարքում, այն տունը, որի հիմքում՝ սեր էր ու հավատ։ Սիրած աղջկա բացակայությունն ատող երեկվա պատանին որոշել էր՝ իր բացակայությամբ հավերժացնել նրա երջանկությունը…
Հոգ չէ, որ առաջին սերը խոստովանեց հավերժության տանող ճանապարհին՝ զինվորի վերջին աղոթքով…
Մեր տունը մի օր սկսեց սխալ կառուցվել։
Տարին ու օրը չեմ հիշում…
Չեմ էլ հիշում՝ ո՞վ առաջինը սխալվեց, տան հիմքը դնո՞ղը, անառակ որդի՞ն, խոպանչի կանչելու դիվային մի՞տքը, թե՞ անաղուհաց խոպանչին։ Կամ՝ բոլորը միասին, իսկ գուցե ես, որ այս մասին գրում եմ։
Բայց երազած տան փոխարեն՝ գերեզման է՝ անխոս ու անօգնական վկան էդ փշրված երազանքի։
Երազած տան բնակիչը պանդուխտ է՝ արագիլի բարևին կարոտ։
…Էն տունը, որ երազում էինք՝ կա։ Մեջը՝ սեր ու նվիրում չկա, երազանքն էլ փշրվել–թափել է՝ աշնան մայրամուտի թախիծն իր վրա բարձած անօգնական, մաշված ու սպառվող, վերջ գուժող տերևի նման։
Լքված տան լույսն էլ՝ կուրացնում է, ազդարարում ժանտախտին նախորդող աղմկոտ սոդոմգոմորը։
Էս տունն՝ երեկվա երազած, էսօր՝ օտարացած, քանդեց իմ երազանքը։
Ինձ մի մոմ ու մի կտոր նվիրում տվեք՝ անքուն գիշերվա խավարում լույսը գտնելու համար…
Սուրեն Սուրենյանց