Մի քանի օր առաջ իմացանք, որ Անիի հաշվեհամարները ԴԱՀԿ-ի պահանջով արգելանքի տակ են հայտնվել և մի քանի օր պահանջվեց, որ պարզենք թե ինչն է պատճառը նման որոշման:
Պարզվում է, որ սխալ կանգառի համար ՃՈ-ն տուգանել է և նամակն էլ ուղարկել է սխալ հասցեով:
Այն, որ ախալ հասցեով կարող էր գնալ, դա հնարավոր է: Այն, որ սխալ հասցեով ուղարկված նամակը անհնար է ստանալ, տեղեկանալ և վճարել, դա փաստ է:
Հիմա խոսեմ խախտման մասին:
Սխալ կանգառը, դա երբ ավտոմեքենան կանգնել է արգելված վայրում, իսկ վարորդը չի իջել ղեկից:
Ավտոմեքենան, որով կատարած խախտման համար տուգանվել է Անին, վարում եմ ես: Դա սպիտակ գույնի Սուբարու Ֆորեստր է և նրա վրա կա հաշմանդամի տարբերիչ նշան, որը անհնար է նկատած չլինեին խախտումը արձանագրողները:
Դա կարող են շատերը փաստել: Նույնիսկ ԱԺ անվտանգության աշխատակիցները, որովհետև այդ մեքենայով ես երկու տարի աշխատանքի եմ գնացել ԱԺ և ԱԺ տարածք մտել:
Ինձ ճանաչող մարդիկ կարող են փաստել նաև, որ ավտոմեքենայում ես հիմնականում մենակ եմ լինում:
Ես չգիտեմ, թե այդ խախտումը որտեղ է եղել, բայց արդեն հասկանալի պետք է լինի, թե ինչու է այդ խախտումը տեղի ունեցել: Ես կարող եմ ենթադրել, որ ես կարող էի հարկադրված այդ խախտումը կատարել, ելնելով իմ ունեցած հաշմանդամությունից և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց համար գոյություն ունեցող խնդիրներից:
Նման խախտման արձանագրություններ էլի եմ ստացել, որոնք բողոքարկել եմ և ՃՈ պետը բեկանել է այդ որոշումները:
Եթե մենք ստացած լինեինք խախտման արձանագրությամբ նամակը, ես սա էլ կբողոքարկեի և համոզված եմ, որ այս մեկն էլ կբեկանվեր: Սակայն ունենք այն, ինչ ունենք:
Ես չեմ ուզում փնտրել մեղավորներ, սակայն ես տեսնում եմ, որ այս նոր համակարգը ունի լուրջ բացեր, որի համար տուժում են քաղաքացիները և ոստիկանության ու ԴԱՀԿ-ի հեղինակությունները:
Վերջում էլ ուզում եմ ասել, որ հուսամ արգելանքը կհանեն, խախտումը կբեկանեն և արդարությունը կվերականգնվի:
Արման Մուշեղյան