Երեկ Հայաստանի Գրողների Միության 80-ամյակի հետ կապված մամլո ասուլիսի ժամանակ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ասել է, որ իրենք լուծում են նաև գրողների գրքերի հրատարակության խնդիրը: Այս առիթով հիշեցի և ուզում եմ նկատել, որ ԳՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ Էդվարդ Միլիտոնյանը դեռ հանդիսանում է նաև ՀՀ Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և արդեն իսկ պարզ է, թե ինչպես է լուծում հրատարակության խնդիրները:


Օրենքի խախտում այստեղ, իհարկե, չկա, նա իրավունք ունի միաժամանակ 2 նման պաշտոն զբաղեցնել: Սակայն եթե նայենք այս ամենին էթիկայի տեսանկյունից, ապա ի՞նչ է ստացվում. ԳՄ-ում Միլիտոնյանը որոշում է, թե ում գիրքը պետք է հրատարակվի, ումը՝ ոչ, այնուհետև ինքը՝ որպես ԳՄ նախագահ, դա ուղարկում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ՝ հաստատելու, որտեղ կրկին ինքը՝ որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, հաստատում է: Այսինքն, օբյեկտիվության գործոնը այստեղ իսպառ բացակայում է:


Նաև պետք է նկատի ունենանք, որ Հայաստանի Գրողների Միությունը դա ինչ-որ շարքային հ/կ չի, որը կարելի է ի միջի այլոց ղեկավարել, ԳՄ ղեկավարի պաշտոնը ամենօրյա լարված աշխատանք է պահանջում և ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է 2 նման լուրջ պաշտոններ համատեղել և 2 տեղում էլ լիարժեք աշխատել: Իմ կարծիքով, այս դեպքում առնվազն մեկ տեղում պետք է գլուխ պահել: Հիմա որտե՞ղ է Միլիտոնյանը գլուխ պահում' ԳՄ-ու՞մ, թե՞ ՊՈԱԿ-ում:


Իսկ Մշակույթի նախարարը, որ վերջերս տեղի ունեցած միջադեպի արդյունքում պատասխանատուներին ազատեց աշխատանքից, լավ կաներ՝ ուշադրություն դարձներ նաև այս հանգամանքին, որ չի կարող մի մարդ առնվազն առանց գլուխ պահելու միաժամանակ ղեկավարել 2 նման կառույցներ, նաև ճիշտ չէ, որ 2 տեղում էլ նույն մարդը որոշում կայացնի:

 

 

Սարգիս Բալայան