Երբ օրեր առաջ մի քանի հայտնիներ աղմուկ էին բարձրացրել իրենց բանկային հաշիվների սառեցման թեմայով ու ինչքան ուժ ունեն բարձր բղավում էին ու կոչ անում, որ բոլորն անհապաղ հանեն իրենց գումարները բանկերից ու էլ երբեք ու երբեք այդ ստոր հաստատությունների ուղղությամբ չնայեն, խորը տարակուսանք ապրեցի: Վերջիվերջո մինչև բանկ երևույթի ծնունդը, տնտեսագիտական միտքը բավական երկար էվոլյուցիա է ապրել ու հաշվի առնելով, թե դարեր շարունակ բանկերն ինչ կարևոր օղակ են հանդիսացել ֆինանսական համակարգում ու ինչ դեր են խաղացել սովորական քաղաքացիների կյանքում, նման բան լսելն առնվազն տարօրինակ էր:
Հայտնիներն իրար հերթ չտալով հայտարարում էին, որ բանկերն անվստահելի կառույցներ են և քանի որ սերտաճած են ներկայիս անկատար քաղաքական համակարգի հետ, պետք չէ այլևս գումար պահել բանկերում և պետք է վայրկյան առաջ բոլոր հաշիվները կանխիկացնել և հետ վերցնել ավանդները: Ըստ հայտնիների գումարը բարձի տակ պահելն այս երկրում շատ ավելի ապահով է, քան դրանք պահել բանկում և դառնալ ԴԱՀԿ-ի ու կեղտոտ բանկերի դավադրության զոհը:
Եվ միայն այսօր է երգիչ Նարեկ Բավեյանը, ում՝ բանկերից գումարները հանելու կոչը տարածեցին բոլոր կայքերն ու չկայքերը, թաքուն ինտերվյու տալիս այն մասին, որ պարզել է, որ իր հաշիվներն ամբողջությամբ չեն սառեցվել, այլ սառեցվել են մասնակի՝ միայն չվճարված տուգանքի չափով, որը կազմում է ընդամենը 10,000 ՀՀ դրամ:
Ես վախենում եմ մտածել, թե ինչ կկատարվեր, եթե մարդիկ հայտնիենրի ասածը լուրջ ընդունեին ու սկսվեր բանկերում պահվող գումարների համատարած կանխիկացումը: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ 2008-ի համաշխարհային ճգնաժամի պատճառը ոչ միայն ԱՄՆ-ի հիպոթեքային շուկայի պայթյունն էր, այլև այն փաստը, որ մարդիկ վախից իրար հերթ չտալով շտապեցին կանխիկացնել բանկերում պահվող իրենց գումարները, ինչին բանկային համակարգը պատրաստ չէր:
Լսեք միայն ձեր սրտին: Ով ինչ ասես կարող է խոսել...
Արամ Անտինյան