Ձևական ու կեղծ հայրենասիրությունը ինձ համար միշտ էլ արատավոր երևույթ է եղել: Մեր պատմությանը հորինված երանգներ հաղորդելը միշտ էլ իմ մեջ տհաճությունից բացի ուրիշ ոչ մի բան չի առաջացրել: Միշտ զարմացել եմ այն մարդկանց ասածներից, որոնք ցավագին են տանում այնպիսի փաստերը կամ պատմական երևույթները, որ, օրինակ, հայերենը հազարավոր փոխառված բառեր ունի պարսկերենից և այլ լեզուներից, որ մենք գիր ենք ունեցել միայն 5-րդ դարից հետո և այլն:

 

Չեմ ուզում խորանալ այս հարցերի ուսումնասիրության ոլորաններում, քանզի դրանց ճշմարտացի լինելու մասին չէ, որ ուզում եմ խոսել:


Միայն ուզում եմ ասել, որ ես սիրում եմ երկիրը, իմ մայրենի լեզուն, իմ ազգային մշակույթը, եթե անգամ դրանք հազար տարվանից էլ քիչ պատմություն ունենան:


Ազգային արժեքների մեծությունը դրանց վաղեմության մեջ չէ, այլ թե ինչքանո'վ են դրանք շեշտում մեր ազգային ինքնությունը, ինչքանո'վ են դրանք նպաստել մեր գոյատևմանը, ինչքանո'վ կօգնեն մեզ հարատևելու պատմության թատերաբեմում............


Իսկ մեզ մնում է սիրել, փայփայել մեր ունեցածը արժեքները՝ անկախ դրանց ծագումից, ժամանակից, գնահատել այն, ինչ ունենք. մեզ օտարինը պետք չէ, զի կարող ենք արարել նորը, գեղեցիկը, հրաշալին....

 

Արսեն Վարդանյան