«Տուն իմ, տուն աղոթիս եղիցի, և դուք արարիք զայն որջս ավազակաց և անարժանաց»:
XVII դարի առաջին կեսին, Վատիկանի հրահանգով, լեհ աշխահիկ ու հոգեւոր իշխանությունները գործի են անցնում եւ սկսում լեհահայերին պարտադրել կաթոլիկությունը: Ժակ Մորգանի տվյալներով' այդ ժամանակ Լեհաստանում բնակվող հայերի թիվը տատանվում էր 100-200.000-ի միջեւ...
Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես. 1623-ին մահացավ Լեհաստանի հոգեւոր առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը եւ թեմակալ առաջնորդի աթոռը մնաց թափուր: Էջմիածնի հայրապետական աթոռը զավթած «այր փառասեր եւ հետեւող նախագահ իշխանութեան» Մելքիսեդեկ Գառնեցին, երեք տարի անց, շքախմբով եկավ Լվով, մերժեց տեղի հայության սերն ու վստահությունը վայելող թեկնածուներին, քանզի ցանկանում էր ընտրել մեծ գումար առաջարկող որեւէ մեկի:
Մրցությունը «շահում է» մեծահարուստ Թորոսովիչների ընտանիքից 23-ամյա Նիկոլը, որին եւ կաթողիկոսը ձեռնադրում է եպիսկոպոս: Նիկոլի մասին ահա թե ինչ է գրում Ստեփանոս Լեհացին. «...յոյժ անառակ եւ վայրաբար, տգետ մտօք, խաւարեալ խորհուրդով եւ անիմաստ հանճարով, անուղղա վարիւք, վատ եւ ապիրատ ամենայն իրս եւ ի գործս, լիրբ յանզգամ եւ հանդուգն: Մեծ կաշառօք ձեռնադրւեցաւ եպիսկոպոս ի Մելիքսեթ կաթողիկոսէ»: Նիկոլի նշանակման հաջորդ օրը Լվովի հայությունն ընդվզում է եւ ցանկանում սպանել եւ' կաթողիկոսին, եւ' Նիկոլին: Դեպքերին լավատեղյակ կաթոլիկ քարոզիչ Պիդոն գրում է.«Զայրացան հայերը ու քիչ էր մնում զենք առնեին եւ սպանեին կաթողիկոսին եւ նրա ձեռնադրյալ արքեպիսկոպոսին»: Մելքիսեդեկը, ժողովրդական ցասումից ահաբեկված, փախչում է Կամենեց' ուր հիվանդանում ու մահանում է: Այս խառն իրավիճակից փորձում է օգտվել կաթոլիկ եկեղեցին: Վերջինս իր օգնությունն է առաջարկում Նիկոլին, ով ամեն գնով փորձում էր հայ համայնքում ամրապնդել իր հոգեւոր իշխանությունը: Վատիկանի օգնության դիմաց Նիկոլը երդմնագիր է տալիս, որ ընդունում է կաթոլիկություն եւ պարտավորվում է կատարել պապի բոլոր հրամանները: Դավանափոխության անհավասար պայքարում հայությունը բաժանվում է երկու մասի. մի կողմում կանգնած էին լեհական պետության ու Վատիկանի աջակցությունը վայելող եւ իրենց ունեցվածքի ճակատագրով մտահոգ հայ մեծահարուստները, մյուս կողմում' իրավազուրկ ու անպաշտպան լեհահայ աշխատավորությունը: Վերջիններիս նկատմամբ զինվորական բիրտ ուժ է կիրառվում, սկսվում են աննկարագրելի հալածանքներ: Համայնքը մեծապես թուլանում է: Հազարավոր մարդիկ արտագաղթում են հարեւան երկրներ:
Կաթոլիկության հարկադրանքը ճակատագրական եղավ հայ համայնքի համար: Վերոնշյալ իրադարձություններից հարյուր տարի անց լեհահայությունն արդեն ձուլված էր եւ նրանից միայն փոքրիկ բեկորներ էին մնացել:
ՀԳ - Դավիթ Դ հայրապետի աթոռակից, այնուհետեւ հայրապետական աթոռը զավթած Մելքիսեդեկ կաթողիկոսի մասին տես նաեւ' Հայ եկեղեցու հանրագիտարան, Պրակ Ա, Ամենայն Հայոց կաթողիկոսներ, Ս. Էջմիածին 2008, էջ 72
Լուսանկարում'
1629 թ. կառուցված եւ ավելի ուշ կաթոլիկ եկեղեցու վերածված Լվովի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին