Ես այսօր եղել եմ օվկիանոսի հատակին ու քայլել եմ Լուսնի վրայով: Գիտեմ առաջին հայացքից անհավասարակշռված մարդու տպավորություն եմ թողնում, բայց մի աշխարհ գոյություն ունի, որտեղ այս ամենը իրական է, ասեմ ավելին դու կարող ես հպվել Արևին ու չայրվել:
Իրական աշխարհը շատ դաժան է և երբեմն դու հրաժարվում ես քո այդ աշխահներից, որպեսզի գույությունդ պահես: Վաճառում ես աշխարհի ՛՛ոսկիները՛՛ ստանում ես չնչին գումար, որ կարողանաս հաց ուտել կամ դեղ գնել:
Չեմ թողնի շատ տանջվեք այդ անիրական, բայց իրական աշխարհները կարելի է գտնել գրքերում: Ստորև մի նկար եմ ներկայացնում ,որտեղ գրքերը վաճառվում են 100 դրամով, ընդամենը մեկ հաց գնելու համար, բայց հավատացեք գիրքը շատ ավելին արժե:
Ժամանակին զրուցել էի մի գիրք վաճառողի հետ, որի մասին հիշեցի այս նկարը տեսնելուց հետո: Նա մոտեցավ ինձ ու խնդրեց գիրք գնել, մի գիրք գնեցի ու հարցրեցի .՛՛Չե՞ք տխրում, գրքերը վաճառելիս՛՛,- լուռ նայեց վրաս ու ասաց. ՛՛Մատներդ, եթե կտրեն՝ ցավ կզգաս չէ՞ ՛՛,- այդ պահին ուղղակի ետ վերադարձրեցի գիրքը, գումարին չսպասեցի ու մտքերով հեռացա......
Էդգար Խաչատրյան