Սույն թվականի հուլիսի 1-ից շրջանառության մեջ են մտնելու այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ները», որոնք, ըստ ոլորտի բարձրաստիճան չինովնիկների, «ունեն մի շարք առավելություններ և էականորեն թեթևացնելու են հարկ վճարողների հոգսերը»:


Այն, որ հայրենի կառավարությունը մտածում է հարկատուների հոգսերը թեթևացնելու մասին, բնականաբար գովասանքի է արժանի, եթե իհարկե դա հերթական գլխացավանքը չդառնա հայրենի ձեռներեցների համար ու նրանցից շատերին վերջնականապես չդրդի լուծարելու իրենց բիզնեսը:


Պարզվում է, հայրենի կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հայրենի կառավարությունն այդ ՀԴՄ-ները պատվիրում է թայվանական մի կազմակերպությունից:


Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ թայվանական կազմակերպությունն այդ սարքերն արտադրում է բացառապես Հայաստանի համար:


Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ բացառապես Հայաստանի համար արտադրվող այդ ՀԴՄ-ների ներկրմամբ զբաղվում է բացառապես մեկ կազմակերպություն' «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը:


Հետաքրքրական է նաև մեկ այլ հանգամանք, որ մասնագետների գնահատմամբ 50-60 ԱՄՆ դոլար ինքնարժեք ունեցող այդ ՀԴՄ-ները հայրենի կառավարությունը թայվանական ընկերությունից ձեռք է բերելու և հայրենի ձեռներեցների վրա ժողովրդի լեզվով ասած «սաղցնելու է» մոտ 400 ԱՄՆ դոլարով:


Հետաքրքրիր է ի վերջո, այսքանից հետո հայրենի կառավարությունը ինչպե՞ս է թեթևացնում հայրենի ձեռներեցների հոգսերը, երբ իրականում հերթական վարկը վերցնելով ծանրացնում է նույն այդ ձեռներեցների ապագա սերունդների առանց այդ էլ ծարնաբեռնված վարկային պարտավորությունները:


Հ.Գ. այսքանից հետո միակ դրական իրադարձությունը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար թերևս կլինի այն, որ նոր սերնդի ՀԴՄ-ները վերջ կդնեն ձեռներեցների համար պատուհաս դարձած, տարածքում դարանակալած և իրենց էժանագին «տրյուկներով» ձեռներեցների համբերության բաժակը լցրած հարկային տեսուչներին:

 

 

Արմեն Գևորգյան