ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին:
Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանել հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, և այսպես շարունակ: Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին:
Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում:
Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները: