Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում որոշվեց մինչև հունիսի 15-ը հետաձգել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրման ժամկետը: Այնուհետև պարզորոշ տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանը ջանքեր է թափում Ադրբեջանին ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ և այսօր էլ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը մեկնում է Բաքու, իսկ մի քանի օրից կայցելի նաև Հայաստան:
Հայաստանը կրկին լուրջ գործընթացների առաջ է կանգնած և կրկին որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրն ու դեռևս պարզ չէ Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը Հայաստանի, Ղարաբաղի հարցի նկատմամբ ընդհանրապես: Կրկին փորձ է արվում <<առևտուր անել>> մեր թիկունքում, օգտագործելով ղարաբաղյան խաղաքարտը:
Եվ ինչ, Ռուսաստանը միթե կկրկնի անցած դարաշրջանի իր պահելաձևը, թե վերջապես կունենա կայուն հայանպաստ դիրքորոշում?...Անձամբ ես կասկածում եմ, որովհետև մեծ գրավ է դրված այդ խաղաքարտի վրա…Ռուսաստանն ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի այնպիսի կարգավիճակում չէ, որ հեշտությամբ, առանց լուրջ ակնկալիքների, առանց այդ հարցերի շուրջ <<առևտուր>> անելու համաձայնվի: Համաձայնվելու դեպքում էլ, նրա առաջնահերթ պահանջը կլինի Ղարաբաղի հարցն ի օգուտ իրեն լուծելու երաշխիքները:
Կասկած չկա, որ Լավրովի առաջիկայում Բաքու կատարելիք այցի օրակարգում առաջնային հարցը հենց սա է լինելու: Եվ ամենևին էլ նպատակը անցակետի խնդիրը չէ, ինչպես ոմանք կարծում են, դա երկրորդական է Ղարաբաղյան թնջուկի լուծման ընդհանուր հարցերի շրջանակում և Ադրբեջանն ամենևին էլ այդքան հեշտությամբ չի <<տրվի>> ռուսներին և օգտվելով Ռուսաստանի ներկայիս անորոշ, <<իզգոյ>>, ցայտնոտային իրավիճակից կփորձի թանկացնել և <<հետույք խաղացնել>>, փորձելով շահել հնարավորինս ավելին…
Եթե այս անգամ էլ Ռուսաստանը զիջի դիրքերը և հերթական անգամ կանգնի իր մեծաքանակ ռազմական տեխնիկա գնող հավատարիմ գնորդի կողքը և ոտնահարի Հայաստանի, հայ ժողովրդի շահերը, ապա Հայաստանում կտրուկ կաճեն առանց այդ էլ նկատվող հակառուսական տրամադրություններն ու թշնամանքը:
Հավանաբար Հայաստանում ՌԴ դեսպանատանը հասկանում են ու պետք է, որ ահազանգեն այդ օրեցօր աճող տրամադրությունների և անվստահության մթնոլորտի վերաբերյալ:
Ինչևէ, ցավոք մեզ կրկին ոչինչ չի մնում անել, քան <<հանգիստ>>, համբերատար հետևել գործընթացներին…
Միայն թե նորից գնացքից չուշանանք…
Ռոբերտ Մելքոնյան