Հին եբրայական մի սուրբ գրքի մեջ ասված է. ՙՙ Եթե սպանես մի մարդու, խորտակած կլինես մի ամբողջ աշխարհ ՚՚ : Այս ճշմարտությունը հենց առաջին հերթին վերաբերում է մանավանդ բացառիկ անհատականություններին, հանճարներին, տաղանդներին…


Անկասկած դրանց թվին է պատկանում հայ շինականի համեստ հարկի տակ ծնված, բայց իր առեղծվածային, աստվածատուր շնորհով հիացրած Պարույր Սևակը:


Մարդիկ բնության ծնունդն են, բայց հազարից մեկն է բնության, Աստծո պարգև լինում, Պարույր Սևակը այդ հազարից մեկն էր…Պարույրը նաև ինքը բնություն էր, ինչպես բոլոր տաղանդները՝ ինչ-որ մի տեղ նույնիսկ զարմանալի ու անհասկանալի, արտասովոր և միաժամանակ առեղծվածային անհատականություն:


Սևակը պետք էր ժողովրդին, հայ ազգին և նա եկավ ժողովրդի կամքով, եկավ ճիշտ ժամանակին…Եկավ ժամանակին, բայց ցավոք հեռացավ անժամանակ, այն էլ հեռացավ անսովոր մահով…Նրա մահը, եթե անգամ փորձանք էր, ապա այդ փորձանքն էլ էր նյութված ժամանակակիցների կողմից…


Սևակը սիրված էր, գիտեր սիրել ու նրա շուրջը միշտ խանդավառ էր…


1971թ. հունիսի 17՝ թռիչքի պահին ընկավ Պ.Սևակը և կտրվեց շղթան…Հայ ժողովուրդը կորցրեց իր Մեծ բանաստեղծին, Մեծ մարդուն, Մեծ հային…

 

 

Ռոբերտ Մելքոնյան