Գիտեմ, որ պատերազմական գործողություններ սկսվելու պարագայում ՀՀ ՊՆ պետք է ընդհանուր զորահավաք կազմակերպի ու բանակը համալրի զորակոչի ենթակա տարիքում գտնվող պահեստազորայիններով: Հայաստանը փոքր երկիր է ու դժվար թե մենք, հարձակման ենթարկվելու դեպքում, շատ ժամանակ կունենանք ինքնակազմակերպվելու և զինված ուժերը պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան վիճակի բերելու համար: Մեծ տարածք ու բնակչություն ունեցող երկրի համար հատուկ գործելակերպը մեր պարագայում կարող է բավարար չափով արդյունավետ չլինել՝ մեր բոլոր հնարավոր ռազմաճակատները մայրաքաղաքից են անգամ “տեսանելի”:
Ես կուզեի նախապես իմանալ, թե տագնապից րոպեներ անց, իմ բնակության վայրին մոտ գտնվող ո՞ր կետից կկարողանամ ստանալ անձնական մարտական զենքը, զինամթերքն ու հանդերձանքը: Իդեալական կլիներ, եթե, որոշ այլ երկրների օրինակով, այդ զենքն ու հանդերձանքը տրվեր մարդկանց՝ իրենց տանը պահելու ու մշտապես ձեռքի տակ ունենալու համար, բայց հասկանում եմ նաև, որ այսօր մենք հոգեբանորեն դրան դեռ պատրաստ չենք, էլ չեմ ասում, որ կյանքի պայմաններն այսօր այնպիսին են, որ մարդիկ այդ զենքը կարող են ուղղել միմյանց կամ իշխանությունների դեմ:
Մի խոսքով՝ գոնե նրանք, ովքեր տարիքային առումով ենթակա չեն զորահավաքի, բայց պատրաստ են կամավոր գրվել, պետք է իմանան, որ իրենց անվանապես կցագրված զենքը կա և նրանք այն կարող են արագ ստանալ այսինչ կետում ու հենց տեղում էլ անդամագրվել համապատասխան աշխարհազորային ստորաբաժանմանը կամ բանակային կազմավորմանը: Այս կարգի հարցերը պետք է լուծված լինեն խաղաղ ժամանակներում, որպեսզի պատերազմի պահին ավելորդ դանդաղկոտության ու քաշքշուկի պատճառ չդառնան:
Արման Մելիքյան