Դպրոցն ավարտել եմ Խորհրդային տարիներին: Այդ ժամանակներում Պուշկին հո չէինք սովորում, հո չէինք սովորում: Անգիր էինք անում ոչ միայն նրա հայտնի բանաստեղծությունները, այլև նրանք, որ մտադրվել էր գրել ու չէր հասցրել: Բայց, երբ առաջին անգամ լսեցի, որ Ալեքսանդր Սերգեևիչն ասել է. «Ты трус, ты раб, ты армянин», թե ինչ կատարվեց ինձ հետ, չեմ կարող նկարագրել: Այն աստիճանի ատելություն առաջացավ մոտս, որ ամաչում եմ խոստովանել, բայց անգամ մտքումս ասեցի, որ լավ են արել, որ սպանել են: Հետո մտածեցի, որ գուցե, եթե անգամ ճիշտ էլ ասած լինի, դա հո մե՞զ չի վերաբերում: Ասում էին, չգիտեմ ճիշտ, թե սխալ, որ Պուշկինի կնոջը՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա-Լանյսկայային սիրահետող սպան ծագումով հայ էր, ու նրանից «վառված է» հայերի մասին ասել Ալեքսանդր Սերգեևիչը:

 


Անցան տարիներ, ու ազգային-ազատագրական պայքարի զարթոնքի ժամանակ անգամ ծայրահեղությունների գնացին մերոնք: Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա ու, կարծում եմ, հետագայում՝ համարելու եմ բարբարոսություն՝ Երևանում ավիրեցին ռուս բանաստեղծների արձանները, որոնց թվում նաև՝ Պուշկինի: Բայց այդ օրերին մի տեսակ ինձ թվաց, թե դուելի ես էի դուրս եկել մեծ գրողի հետ ու հաղթել, և մտքում ասում էի, թե տեսա՞ր ինչ եղավ՝ հիմա ով է «տրուսն» ու «ռաբը»:


Այո՛, դա այն ժամանակներն էին, երբ ոգևորությունն այնքան մեծ էր, որ միամտաբար կարծում էինք, թե ԽՍՀՄ-ը մենք քանդեցինք՝ մեր պայքարի արդյունքում, իսկ ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ ավագը ոչ մի կապ չունեին դրա հետ, և ընդամենը հեռուստացույցից են իմացել այդ մասին: Մինչդեռ սթափ գլխով գնահատելիս՝ պարզ է դառնում, որ ԽՍՀՄ–ը նախևառաջ փլուզվել է համակարգային ճգնաժամի՝ պլանային տնտեսական մոդելի անարդյունավետության պատճառով, ու նաև Արևմուտքի հետ սառը պատերազմի ժամանակվա անմիտ մրցակության և սպառազինության մրցավազքի պատճառով։


Մեր օրերին գալով ասեմ, որ երբ 4 տարի Արևմուտի հետ բանակցելուց հետո Սերժ Սարգսյանն Ալեքսանդր Սերգեևիչի ծննդավայր Մոսկվայում սեպտեբերի 3-ին հայտարարեց, որ ինքը լիազորված է հայտնելու հայ ժողովրդի հավաքական մուրազը՝ Մաքսային միություն մտնելու մասին, օպերատորը մի պահ ցույց տվեց Վլադիմիր Պուտինի սառը հայացքով ու մեղմ հեգնանքով դեմքը, և ինձ թվաց, որ նրա դեմքից պարզորոշ կարդացի Պուշկինի խոսքերը:


Դե բորբոքվեցինք, վիրավորվեցինք, բայց կարծում էի, թե այդ խոսքերը դարձյալ մեզ չէին վերաբերում, այլ՝ մեր երկիրը այսպես խղճուկ կերպով դրսում ներկայացնողին:


Անցան օրեր, ամիսներ, կարծում էինք, որ գոնե գործընկերային հարթության մեջ մեր երկիրը մեջքը կուղղեր ու ավելի արժանապատիվ կեցվածք կընդուներ: Բայդ տեղի ունեցավ հակառակը ու նշաձողն այնքան իջեցվեց, որ արդեն Աստանայում Նուրսուլթան Նազարբաևն իր ղազախական ակցենտով մեր երեսին շփեց Պուշկինի խոսքերը:


Անկեղծ ասած, որքան էլ բորբոքվեցինք, բայց էլի կարծում էի, որ դա էլ վերաբերում էր Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, ովքեր մեր համար այսպիսի ողբալի իրավիճակ են ստեղծել: Բայց, երբ օրերս կրեմլյան կամակատար մի ռուս լրագրող եկավ ու մեր տան մեջ մեզ հետ խոսեց պուշկինյան խոսքերի ոգով, ցավով պիտի արձանագրեմ, որ ներքին «ես»–ս արդեն ուզում է ինձ վերջնականապես համոզել, որ ոնց որ թե Պուշկինն այնքան էլ սխալ չի ասել:


Եթե մենք հանդուրժում ենք մի իշխանություն, որը մեր երկիրը հաստատուն քայլերով տանում է ստրկացման, իսկ մեր ժողովրդին էլ երկրի ներսում ստրկացնում, ուրեմն մեզանից ոչ մեկը այդ բարոյական իրավունքը չի վաստակել ասելու, թե Պուշկինը սխալ է:


Չեմ ցանկանում, որ որևէ մեկն ինձ հակադարձի, կամ ապացուցի, թե դա իրեն չի վերաբերում կամ էլ հեռակա բանավեճ սկսի «օղորմածիկի» հետ: Ավելի լավ է մեզնից յուրաքանչյուրը հետևի Անդրանիկի խոսքերին ու երեկոյան գլուխը բարձին դնելիս իրեն հարց տա, թե իր ուժերի ներածի չափով ի՞նչ է արել, որպեսզի մեր ժողովրդին փրկի ներքին ստրկությունից, իսկ պետությունը՝ արտաքին:

 

 

Արմեն Հարությունյան