Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունն ազդարարեց երկրի նոր վարչակազմի գործունեության մեկնարկը: Ընդգծենք՝ խոսքը գնում է լեգիտիմ վարչակազմի մասին, անկախ այն հանգամանքից, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում երկրի նախագահի ընտրություններն, ըստ էության, չեն կայացել:Մարդիկ սկսում են հարց տալ, թե արդյոք արժեր վճարել Ղրիմով, Կիևից անջատվելու փորձեր անող նախկին մարզերով, բազմաթիվ մարդկային կյանքերով ու նյութական հսկայական կորուստներով, հանուն այն բանի, որ երկրի բարձրագույն պաշտոնը ստանձնի միլիարդատեր Պորոշենկոն, իսկ խնդրահարույց մարզերի կառավարիչներ նշանակվեն երկրում և նրա սահմաններից դուրս լավ հայտնի մեծահարուստները:
Ընդ որում, ակնհայտ է, որ եղածը դեռ Ուկրաինայի վճարելիք վերջնական գինը չէ: Իրականում սա այն գինն է, որ Ուկրաինայի ժողովուրդը վճարեց ու դեռ շարունակելու է վճարել Արևմտյան հանրույթի քաղաքական ու տնտեսական համակարգում երկրի իշխող վերնախավը յուրային, իսկ նրա ունեցած ֆինանսական միջոցներն ու գույքը՝ օրինական ճանաչելու դիմաց: Վճարված գնի մասն է կազմում նաև Ռուսաստանի հետ մինչ այդ եղած քաղաքական, տնտեսական ու ռազմատեխնիկական ոլորտներում եղած հարաբերությունների արմատական այլակերպումը:Պորոշենկոյի՝ Ուկրաինայի ընտրված նախագահ լինելու հանգամանքը չի վիճարկվում նաև Ռուսաստանի կողմից, սակայն ակնհայտ է, որ այդ սլավոնական հարևան պետությունների բարձրագույն իշխանավորներն իրենց քաղաքացիներին երկարատև դիմակայության են նախապատրաստում: Արձանագրենք, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքն այն եղավ, որ ներկայիս Կիևի իշխանությունը տեղում և, հատկապես, Արևմուտքում, օժտված է բավարար լեգիտիմությամբ, սակայն նաև ծանրագույն խնդիրների մեծ բեռ է առել ուսերին ու մեծ հարց է, թե կկարողանա արդյոք այնպես անել, որ մարդիկ արդեն մոտ ապագայում չկորցնեն այդ խնդիրները լուծված տեսնելու գոնե հույսը:
Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում ևս ընթանում է գործող իշխանական համակարգի ու դրա ներկայացուցիչների ֆինանսների ու սեփականության լեգիտիմացմանն ուղղված գործընթացը: Ի տարբերություն Ուկրաինայի, մեզանում փորձ է արվում դա անել առանց արտաքին քաղաքականության կողմնորոշումը փոխելու և դրա համար օգտագործվում է հայրենի ընդդիմության ներուժը: Այսինքն՝ Հայաստանում հենց ներքին ընդդիմությունն է այն օղակը, որը, ճանաչելով գործող իշխանության գործելակերպի հարաբերականորեն օրինական ու իրավաչափ լինելը, վերջինիս ներքին և արտաքին լեգիտիմությունն է ապահովում: Այդ առումով իշխանության գործելակերպն է ուշագրավ՝ մի կողմից նրան հաջողվել է իր իսկ կողմից ձևակերպված պայմաններով խորհրդարանական ընդդիմությանը բերել երկխոսության դաշտ, մյուս կողմից նա ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմությունը վարկաբեկվի ու նվաստացվի հասարակության աչքում: Թերևս այս փուլում էականն այն չէ, որ իշխանության լեգիտիմությունն ապահովող ընդդիմության հատվածը հենց իշխանության ջանքերով էլ շարունակաբար կորցնում է մարդկանց վստահությունը:
Կարևորն այն է, որ այդպիսով ՀՀ իշխող վերնախավը շարունակում է ընդունելի լինել ռուսների համար, իսկ եթե գործընթացը բարեհաջող հասցվի ավարտին և Հայաստանում իշխանության ղեկն անցնցում անցնի, օրինակ, ՀՀԿ-ից ԲՀԿ-ին, ապա լեգիտիմության հարցը լուծված կլինի նաև Արևմուտքի չափանիշներին համապատասխան…
Արման Մելիքյան