Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը հասարակ հեռագրավարի տասնվեց երեխաներից ավագն էր:
Մինչև 8 տարեկանը Մարկեսին պահել ու դաստիարակել են նրա տատն ու պապը:
Նախկինում մամուլը բազմիցս «թաղել է» գրողին: Ժամանակ առ ժամանակ տարբեր ԶԼՄ-ներում Մարկեսի մահվան մասին հայտնված լուրերը նրան սովորեցրել էին հումորով և հեգնանքով մեկնաբանել իր «հերթական մահը»:
Համացանցում տարածված և բոլորիս կողմից սիրված «Հրաժեշտի նամակն» իրականում Մարկեսի գրչին չի պատկանում: Մեկնաբանելով նամակի շուրջ ստեղծված իրավիճակը, Մարկեսը զարմացել և ափսոսանք է հայտնել, որ չափազանց մեծ թվով մարդիկ են շփոթմունքի մեջ ընկել: «… Մի քանի տարի առաջ, մի «գիտունիկ» իմ անունից հրաժեշտի նամակ էր տարածել ինտերնետում: Ես ամոթ ու դառնություն եմ զգում, որ ինձ իսկապես սիրող երկրպագուներն այդ տափակ գռեհկությունն իմ գործն են համարում»: Իրականում «Հրաժեշտի նամակ մարդկությանը» գործի տակ պետք է դրվեր «Ջոնի Ուելշ» մակագրությունը:
2004-ին լույս տեսած «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի պաշտոնական շնորհանդեսից մեկ ամիս առաջ վեպի ձեռագիրը գրագողերի ձեռքն էր ընկել, ովքեր էլ անմիջապես սկսել էին վաճառել այն: Ի պատասխան' Գաբրիելը փոխել է վեպի վերջաբանը: Ավելորդ է ասել, որ ոստիկանության կողմից չառգրավված ձեռագրի այն մի քանի կրկնօրինակներն այժմ իրական արժեք են ներկայացնում:
2006-ին Մարկեսի հայրենի Արակատակայում անսովոր հանրաքվե անցկացվեց: Քաղաքապետն առաջարկել էր' ի պատիվ Մարկեսի Արակատական վերանվանել Մակոնդոյի, քաղաք, որն առկա է Մարկեսի երեք գործերում: Վերանվանումը չկայացավ միայն այն պատճառով, որ քվեարկողների ընդհանուր թիվն օրենքով պահանջվածից փոքր էր, չնայած այն հանգամանքին, որ քվեարկողների 90%-ը կողմ էր արտահայտվել:
2009-ին Մեքսիկայի ղեկավարությունը խոստովանեց, որ 1967-1985 թթ. իշխանությունները «հետևում էին» Մարկեսին, կոմունիստական առաջնորդների հետ նրա կապերի պատճառով:
1985-ից Մարկեսը դադարել է գրել: «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»' առաջին գեղարվեստական գիրքն էր, մոտ քսան տարի տևած լռությունից հետո:
Մարկեսի որոշ գործեր թարգմանվել են եվրոպական բոլոր լեզուներով:
«Նահապետի աշունը» գրելու համար է Մարկեսն այցելել Խորհրդային Միություն:
«Playboy» ամսագրին տված իր հարցազրույցում Մարկեսը խոստովանել է 13 տարեկանից ի վեր իր սերտ բարեկամությունը «սիրո քրմուհիների» հետ:
Երբ Մարկեսը սկսել է գրողի իր կարիերան, հաճախ է ապրել հասարակաց տներում' սեփական անկյուն ունենալու համար անհրաժեշտ գումար չունենալու պատճառով:
Քչերը գիտեն, որ Գարսիա Մարկեսը կյանքում միայն մեկ անգամ է փորձել հեքիաթ գրել, որը կարդալով, Մարկեսի որդիները տարակուսել են. «Դու իսկապես կարծում ես, որ երեխաներն այդքան հիմա՞ր են»:
Գաբրիել Մարկեսը չէր սիրում ինքնաթիռ նստել:
Մարկեսի գործերում հաճախ է հաստատվում միջազգայնորեն ճանաչված ասույթը, թե' սերը տարիք չի հարցնում: