Հայրենասիրությունը թուփ ու քար պաշտելը չէ, հայրենասիրությունը ազգասիրությունը չէ, այլ եսասիրությունն է: Մենք չունենք մեր ԵՍ-ը, մեր ԵՍ-ը մեզանից անջատել են ու մեր մեջ փուչիկ են խոթել, որ կարողանան հեշտությամբ գլորել այս ու այն կողմ: Մենք մեզ չենք սիրում. սա՛ է խնդիրը. մենք արտագաղթում ենք, որովհետև մենք մեզ չենք սիրում: Մենք անզոր ենք դիմադրելու ու հակահարված տալու, որովհետև մեզանից պոկել են մեր կամքն ու ծրագրավորել մեր անելիքները: Մեր ուղեղների փոխարեն մեր ստամոքս են տեղադրել ու միացրել են «արտագաղթելու կոճակը»: Եվ մենք առանց ետ նայելու, տոտիկ-տոտիկ թողնում ենք երկիրը: Արտագաղթելով մենք ոչ մեզ լավություն ենք անում, ոչ էլ «նրանց» ՝ վատություն: «Նրանց» կողմից զուտ ձևականություն է «տուն, արի՛ տուն» «ետ արի՛ շուտ» կոչերը, որովհետև Նրանք հանգիստ բազմել են իրենց թիկնաթոռներին ու համբերությամբ սպասում են այն օրվան, երբ երկրում, բացի իրենցից և «ուղեղները լվացած» ենթականերից, ոչ ոք չի մնա:


Մարդիկ արտագաղթում են, քանի որ նրանց ստիպում են արտագաղթել: Ստիպում են մի կողմ թողնել ինքնասիրությունն ու վազել ստամոքսի հետևից: Քաղցը ժամանակավորապես հագեցնելու բերկրանքն էլ մեզ քշում-տանում է օտար ափեր, բայց երբևէ մեր գլխում հարց չի առաջանում, թե ինչու պետք է մենք լքենք երկիրը՝ նրանց փոխարեն: Ինքներս մեզ հարց չենք տալիս, որովհետև մեզ ստիպել են հաշտվել այն հանգամանքի հետ, որ հայրենիքը ոչ թե մերն է, այլ իրենցը:
Երբ կարողանանք այնքան սիրել ինքներս մեզ, կարողանանք արժևորել ու գնահատել սեփական անձը, մեզ արժանի կհամարենք հայրենիք ունենալու, կդառնանք իսկական հայրենասերներ: Այդ ժամանակ մենք՝ եսասերներս, կամ, որ նույնն է՝ հայրենասերներս, կսկսենք հոգ տանել մեր մասին, կողքինի մասին, ուրիշների և բոլորի մասին: Մենք մեզ լավ կզգանք, երբ իրենց լավ կզգան և՛ մեր մոտիկները, և՛ ուրիշները, և՛ ազգը: Մենք չենք արտագաղթի, երբ կսիրենք մեզ: