Կարծում եմ՝ բավականաչափ բարդ է կռահելը, թե ինչ մեքենա է նկարում պատկերված: Մինչդեռ նշեմ, որ այս սարքավորումը մերօրյա աշխարհում բավականաչափ տարածված և լայն կիրառություն ունեցող անհրաժեշտ պարագա է՝ հատկապես հակամարտությունների գոտիներում, շրջափակման մեջ հայտնված բնակելի շրջաններում և այլն:

Բերեմ օրինակներ, հաճախ ենք լսել Իսրայելի կողմից փաստացի շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված տարաբնույթ արգելված ապրանքներ, սարքավորումներ, անգամ զենք-զինամթերք մատակարարելու իրողության մասին: Դրանք իրականացվում են անգամ կիլոմետրեր ձգվող ստորգետնյա թունելների միջոցով:

Հաճախ, երբ տեղեկատվություն է տարածվում իսրայելական կամ եգիպտական բանակային ստորաբաժանումների կողմից նորանոր թունելների պայթեցման փաստերի մասին, հետո զարմանալ կարելի է միայն, թե ինչպես են նման արագությամբ փորվում նորերը. այո, այս մեքենան ծառայում է հենց այդ գործին:

Վերջին շրջանում այն լայնորեն կիրառվում է նաև Սիրիայում զինված խմբավորումների կողմից՝ կառավարական հատուկ նշանակության օբյեկտներ տանող ստորգետնյա թունելներ փորելու և դրանք պայթեցնելու նպատակով. սիրիական հակամարտության ողջ ընթացքում ամենամասշտբային 3 պայթյունները (2-ը Հալեպում, 1-ը՝ Իդլիբում) իրականացվել են հենց այդ ճանապարհով...

Փաստորեն, ահաբեկչական կառույցների դեմ պայքարի կարևորագույն ուղղություններից է դառնում նման մեքենաների աշխատանքը հայտնաբերող համապատասխան սարքավորումների ստեղծումը, կամ ռազմավարական նշանակության շինությունների կառուցման ընթացքում նաև ստորգետնյա անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

 

 

Արմեն Պետրոսյան