Ռուսաստանն օգտագործում է քարոզչական բոլոր հնարավոր հնարքներն ուկրաինական հիմնախնդրում
Հիմա էլ ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի իրենց աղբյուրներին հաղորդում են, թե սիրիական հակամարտությանը հակակառավարական ուժերի կազմում մասնակցած մոտ 300 ուկրաինացի վարձկաններ ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին վերադարձել են հայրենիք, ներգրավվել ծայրահեղական «Աջ սեկտորի» շարքերում և մասնակցում են երկրի հարավ-արևելքում ուկրաինական ուժային կառույցների կողմից իրականացվող պատժիչ գործողություններին:


Մոսկվայից այսօրինակ տեղեկատվության տարածումն, ըստ իս, երկու հանգամանքի մասին է ակնարկում.


1. Ուկրաինական իշխանություններն անմիջական կապ ունեն ինչպես դեպի Սիրիա մեկնող իրենց քաղաքացիների, այնպես էլ ուկրաինական ազգայնականների հետ և հնարավորության սահմաններում ուղղորդում են նրանց գործողությունները:


2. Ուկրաինական անվտանգության ծառայությունները, հսկողություն սահմանելով սիրիական պատերազմի մասնակից սեփական քաղաքացիների վրա, գործարք են առաջարկում նրանց՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ զինուժի հատուկ գործողություններին մասնակցելու պայմանով:


Ի դեպ, այս վերջին տարբերակին նման քաղաքականություն են իրականացնում նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունները. նրանք խոստանում են կալանավայրերից ազատ արձակել դատապարտյալներին, եթե վերջինները համաձայնեն մեկնել Սիրիա և մասնակցել Բաշար ալ-Ասադի դեմ մղվող «ջիհադին»:
Ինչևէ, ՌԴ ԶՈՒ ԳՇ-ից տեղի ունեցած տեղեկատվության կամ ապատեղեկատվության արտահոսքը, որի նպատակն ուկրաինական իշխանություններին համակողմանի հեղինակազրկելն է, առավելապես ակնհայտ քարոզչական հնարք է:

 

 

Արմեն Պետրոսյան