ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
Պետք է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է "իմպոտենցիա” եզրույթի օգտագործումից' նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը: "Իմպոտենցիա” տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ (չկա էրեկցիա, սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև հեշտոց մտցնելը կամ դրանից վայրկյաններ անց):
Սրան է վերագրվում նաև էրեկցիայի բացակայությունը, եթե անգամ գրգռվածության այլ նշաններ կան: Պատճառները, որոնք սահմափակում են սեռական ակտ իրականացնելու կարողությունը բաժանվում են ֆիզիոլոգիականի (երբ խախտված են էրեկցիան և սերմնաժայթքումը կառավարող մեխանիզմները) և հոգեբանական (երբ տարբեր արգելակող գործոններ' նևրոզները, վախը անհաջողությունից, անվստահությունը, կողմնակի մարդիկ, ձայները, տհաճ հոտերը և այլն, խանգարում են տղամարդուն հասնել էրեկցիայի և պահպանել այն: Երկրորդ տեսակը մինչև 50-60 տարեկան տղամարդկանց շրջանում անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում:
Ամենից հաճախ տղամարդը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունենում որևէ նոր կնոջ հետ առաջին հանդիպումների ժամանակ. դեր խաղում են իրավիճակի նորությունը, անհանգստությունը "իսկական արուի” տիտղոսը պահպանելու համար, երբեմն' վախը վեներական հիվանդություններից և այլն: Ոմանց մոտ այս իրավիճակում կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ, մյուսները չունենան բավականաչափ էրեկցիա, երրորդները չկարողանան հասնել հեշտանքի: Նմանատիպ դեպքերում լավագույն մոտեցումը չշտապելն է, հնարավորության դեպքում' անցումը սեքսին հետաձգելը: Երբ սեռական ակտի "անհրաժեշտության” պայմանը' որպես այդպիսին, վերացած լինի, բոլոր խնդիրները կարող են ինքնըստինքյան լուծվել արդեն 10-15 րոպե անց:
Ոչ մի դեպքում կինը չպետք է հեգնի կամ վիրավորի տղամարդուն նմանատիպ խնդիրների համար. դա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է իրավիճակը վերահսկել կամային կամ ֆիզիկական ջանքերի շնորհիվ, և կնոջ նման պահվածքը միմիայն ավելի կվատթարացնի իրավիճակը: