Դոնբասի և Լուգանսկի՝ անկախ հանրապետություններ հռչակած ուկրաինական մարզերի շնորհիվ Ռուսաստանը հայտնվել է Հայաստանի վիճակում՝ հակառակ Ուկրաինայի այդ ռուսաբնակ երկրամասերի փաստացի ղեկավարների հորդորների, ՌԴ իշխանությունները դժվար թե ճանաչեն նրանց անկախությունը մոտ ապագայում:Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ այսօրինակ կեցվածք է որդեգրել Հայաստանն՝ Արցախի անկախության ճանաչման հարցում:Սակայն Ռուսաստանը մեզ նաև գործելակերպի մի հետաքրքիր օրինակ է մատուցել՝ նախ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունն ու Սևաստոպոլն է ՌԴ մաս ճանաչել, ապա առկախել է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը: Այսինքն՝ ողջ Ղրիմը Ռուսաստանին միացնելու փաստն այսօր ստվերի մեջ է ընկնում, քանզի այս պահի գլխավոր հարցը դարձել է Մալոռոսիայի ապագա ճակատագիրը:

 

Քաղաքական իմաստով Ռուսաստանը, հավանաբար, կարողացավ գործն այնպես տանել, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միացվելն արդեն լուրջ հակազդեցության չարժանանա անգամ Կիևում ու դրա համար նախադրյալները ստեղծվեցին՝ ի թիվս այլ քայլերի, նաև ուկրաինական երկու մարզերի անկախացման միջոցով: Հայտնի է, որ Ուկրաինայի ռուսամետ քաղաքական խավի առաջնային պահանջներից է երկրի դաշնայնացումը և այդ համատեքստում Դոնեցկի ու Լուգանսկի կողմից անկախության հռչակումն այդ գործընթացը առարկայական տեսքի բերելու քաղաքական գործիք է՝ Ռուսաստանը չի ճանաչի այդ մարզերի անկախ ու ինքնիշխան հանրապետությունների վերափոխվելը, սակայն հիմքեր կունենա պնդելու, որ Կիևը պարտավոր է Ուկրաինան դաշնային պետության կարգավիճակի բերել, հակառակ պարագայում ՌԴ կարող է ճանաչել ոչ միայն արդեն իսկ անկախացած, այլև անկախության հռչակմանը “պատրաստ” ուկրաինական այլ մարզերի անջատողական ձգտումների իրավաչափությունը:

 

Ռուսաստանը, փաստորեն, ուկրաինական իշխանություններին երկընտրանքի առջև է կանգնեցնում՝ կամ դաշնային Ուկրաինա, որի համար առաջին դաշնային միավորները արդեն իսկ ստեղծվել են հանձինս Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների, կամ Ուկրաինայի պետական տարածքի հետագա կրճատում, Ռուսաստանի կողմից անջատողական մարզերի ինքնիշխանության ճանաչման միջոցով: Ղրիմի ու մարզերի հարցում ռուսական քաղաքականության այս երկվությունը թույլ է տալիս Կրեմլին նաև առաջ մղել իր մոտեցումները Ադրբեջանի ու Հայաստանի հետ ունեցած իր հարաբերություններում:

 

Արման Մելիկյան