Ի՜նչ հետաքրքիր է կյանքը...Մենք ամեն օր փոխվում ենք, ամեն օր սովորում ենք, ամեն օր մեծանում ենք: Կյանքում մեզ հանդիպում են մարդիկ, ովքեր փոխում են մեզ…փոխում են մեր առօրյան, փոխում են մեր երազանքներն ու ցանկությունները, ու երբ այդ մարդկանցից ինչ-որ մեկը գնում է հեռու, մենք սկսում ենք տխրել…երևի թե հասկանում ենք, որ իր հետ նա տանում է մեզանից մի փոքրիկ մասնիկ, մեր հոգուց մի փոքրիկ մաս…և որքան էլ այդ վայրկյանին դա մեզ համար նշանակություն չունենա, միևնույնն է, հետո մենք գիտակցում ենք, թե որքան ենք փոխվել այդ մարդու հետ շփվելով: Ասում են, թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ասում են, որ հիշողությունները պետք է թողնել անցյալում և առաջ շարժվել…Առա՛ջ, դեպի ապագան, որն այնքան անիրական է թվում, առա՛ջ, դեպի պայծառ լույսը, որը քեզ է կանչում, առա՛ջ, դեպի անհայտություն, որտեղ հաստատ այլևս այդ մարդը քեզ հետ չի լինելու..Իրականում մարդը հիշողությունների կծիկ է:
Մարդը ոչինչ է առանց իր հիշողությունների: Լինեն դրանք ուրախ թե տխուր, արցունքոտ, կամ միգուցե ժպիտ պարգևող հիշողություններ: Միևնույնն է, մարդը պետք է հիշի դրանք: Հակառակ դեպքում՝ նա ուղղակի դադարում է մարդ լինելուց, նա դառնում է անշունչ ինչ-որ առարկայի նման: Իրականում, հենց մարդիկ են, որ մեր կյանքը դարձնում են այնպիսին, ինչպիսին մենք այն ընկալում ենք:Հենց մարդիկ են մեզ ժպիտ պատճառում, հենց մարդիկ են մեր արցունքների պատճառները: : Պատահական բառը, կարող է սիրտդ կոտրել, փշրել հազար մասնիկների, երբ այն ասում է ինչ-որ մեկը, ում դու հավատում ես:
Այդպիսին են մարդիկ… Նրանք մեզ շունչ են տալիս ապրելու համար, ապա խլում մեր ամենավերջին ու ամենաերջանիկ վայրկյանները, իրենք իրենց գոհացնելու համար: Մարդիկ են, որ մեզ ստիպում են ապրել, մարդիկ են, որ մեզ ստիպում են մահանալ…Իրականում, հասկանում եք, ամեն ինչ կարող է փոխվել , կախված, թե ով է ձեր կողքին այդ պահին: Մարդկանց պատճառով փոխվում է անգամ բնությունը... Եվ մենք միշտ էլ հիշում ենք այդ մարդկանց, ովքեր մեր կյանք են մտնում պատահական, կարծես , թե ոչինչ չասելով, փոխում են մեր էությունը, ապա թողնում են և նույն կերպ փախչում են հեռու մեզնից…Հետաքրքիր է կյանքը, անչափ հետաքրքիր...Սիրեք միմյանց ...
Անուլ Գրիգորյան