Կիրակի առավոտյան մի փոքր ժամանակ գտա և <> ալիքով երաժշտություն լսեցի: Հասցրի երկու ստեղծագործություն լսել' Բրամս և Ֆրեդերիկ Շոպեն: Իհարկե ես ինձ դասական երաժշտության գիտակ չեմ համարում, սակայն խորհրդային տարիների արժեհամակարգը, դաստիարակությունը, կամա թե ակամա քեզ տանում էր այդ աշխարհ և քեզ մոտ սեր էր առաջանում դասական երաժշտության հանդեպ: Հեռուստա-ռադիոալիքները շատ չէին և հաճախակի ուզես, թե չուզես լսում էիր' թեկուզ պատառիկներ…Կային հետաքրքիր հաղորդումներ նվիրված հայտնի կոմպոզիտորներին, նրանց հանրահայտ, սիրված ստեղծագործություններին, կենսագրությանը: Կար նաև դասական երաժշտության ժամ, թե հեռուստատեսությամբ և թե ռադիոյով: Հետո դասական երաժշտություն շատ էր օգտագործվում նաև ֆիլմերում, հաղորդումներում…Մի խոսքով, փոքր տարիքից քեզ մոտ ձևավորվում էր երաժշտական որոշակի ճաշակ, որոշակի շփում այնպիսի հզոր, անսահման գեղեցիկ աշխարհի հետ, ինչպիսին դասական երաժշտությունն է:
Իսկ հիմա?...
Թող ներեն ինձ մեր շոուբիզնեսի ներկայացուցիչները, բայց նրանց երգացանկը մեծամասամբ պարզունակ երաժշտություն է, ռաբիզաթաթուլմաթուլախառն անպետքություն: Եթերը, կազմակերպվող հաղորդումները, միջոցառումները, ամենուր հիմնականում լցված է աղբով' ահավոր ցածրաճաշակ երաժշտությամբ…
Պարզունակ, անմիտ բառերով, հանգերով, երաժշտություն հիշեցնող ինչ-որ ձայներով, արաբա-թուրքախառը կլկլոցներով սերունդ չես դաստիարակի, ճաշակ չես ձևավորի…
Տպավորություն է, որ մութ թունելի մեջ խարխափելով գնում ենք' հրմշտելով, իրար վրա ցեխ շպրտելով, հայհոյելով, իրար տրորելով չնշմարելով, չտեսնելով թունելի վերջում առկայծող լույսը…
Մշակույթի նախարարությունում, մյուս համապատասխան հիմնարկություններում լիքը փողկապավոր և ֆենած մազերով <> ու <> կան իրենց <>, շքեղ կահավորած աշխատասենյակներով…Թող մտածեն, քամակները կտրեն աթոռներից, օգտագործեն հեռուստաալիքների, ռադիոկայանների հնարավորությունները, խորհրդային տարիների լավագույն փորձը, կազմակերպեն հետաքրքիր հաղորդումներ, փառատոններ, շոուներ, քննարկումներ, վիկտորինաներ, մրցույթներ…
Հասկացանք շուկայական հարաբերություններ են, պահանջարկի ահավոր ցածր մակարդակ կա, շեղված սեքսի ու էրոտիկայի ուղղությամբ, բայց անհույս և հանգիստ ձեռքերը ծալած նսելը, պետական փողերը մսխելն էլ մի բան չի…
Էլ չեմ ասում դպրոցների մասին, որոնց մանկավարժների գերակշիռ մասը քնում և վեր է կենում արմենչիկների, թաթուլների, սպիտակցի հայկոների ու նմանների կլկլոցների տակ…
Ռոբերտ Մելքոնյան