Մայիսի 25-ին ավարտվեցին Եվրախորհրդարանի ընտրությունները, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող շուրջ 375 միլիոն ԵՄ քաղաքացի: Ընտրությունները մեծ մասամբ լի էին անականկալներով, բայց ոչ միայն լավ իմաստով: Բանն այն է, առաջին անգամ մի շարք երկրներում հաղթել են ծայրահեղական ուժերը, որոնք նաև եվրոսկեպտիկ, սակայն եվրոսկեպտիցիզմը դեռ ամենամեղմ չարիքն է, որը բնորոշում է այդ կուսակցություններին: Ամենա ցավալին այս ընտրություններում այն է, որ ակնհայտ է դառնում ծայրահեղականների շարունակական զարթոնքն ու վերելքը Եվրոպայի քաղաքական կայանքում, որն ինչ խոսք իր խոսքը դեռ կասի: Իհարկե այս ընտրություններում ընդհանուր առմամբ կրկին առաջին տեղերում են աջ-կենտրոնամետները, սոցիալիստներն ու լիբերալները (ըստ հերթականության), բայց միտումը բավական ուշագրավ է և պոտենցիալ անկանխատեսելիությամբ:
Այսպիսով անդրադառնանք մի քանի երկրի որտեղ գրանցվել են այսպես ասած քաղաքական անակնկալներ: Ֆրանսիայում օրինակ հաղթել է Մարին Լը Պենի գլխավորած Ազգային ճակատը: Այն ստացել է 25% և Եվրախորհրդարանում կունենա 25 մանդատ' առաջ անցնելով թե նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «UMP» կուսակցությանը (21%) թե Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցությանը (14%): Սոցիալիստական կուսակցությունն առհասարակ կարելի է ասել ջախջախված վիճակում է, որի հետևանքնրն անշուշտ կարտացոլվեն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Մեծ Բրիտանիայում ընդհանրապես շոկային իրավիճակ է: Առաջին անգամ վերջին 100 տարվա ընթացքում համազգային ընտրություններում (տվյալ ընտրությունները ևս համարվում են համազգային ընտրություններ) հաղթել է ոչ ավանդական կուսակցություն: Անակնկալ հաղթանակ են տարել եվրոսկեպտիկները: Նայջել Ֆարաջի գլխավորած ;Միացյալ Թագավորության անկախություն» կուսակցությունը (UKIP) հավաքել է 27%, մինչդեռ իշխող Պահպանողական կուսակցությունը ստացել է 24%, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ 25%: Հունաստանում կարելի է ասել իրավիճակը նույնն է:
Մի խոսքով պատկերը սա է: վերոնշյալ փաստերի կոնտեքստում նշենք նաև, որ այն երկրներում որտեղ որ ծայրահեղականները, ֆաշիստական և ազգայնական հայացքներ ունեցող կուսակցությունները չեն էլ հաղթել, ապա առնվազն բարելավել կամ էլ ամրապնդել են իրենց դիրքերը: Կարճ ասած Եվրոպական կամաց-կամաց գնում է դեպի ծայրահեղացում: Ճակատագրի հեգնանքով դա արվում է ժողովդավարության մեխանիզմներով: Եկեք ամեն դեպքում գույները չխտացնենք և շատ առաջ չանցնենք ի վերջո քաղաքական պատկերը Եվրոպայում ամեն դեպքում դեռ չի փոխվել և Եվրոպարլամենտի ընտրություններին ավանդապես մասնակցությունն ավելի ցածր է լինում քան 50% (այս անգամ միայն 43%): Այնպես որ սա ամեն դեպքում ամբողջ Եվրոպայի խոսքը չէ: Միևնույն ժամանակ ինչպես որ ավելի վաղ ասվեց վտանգավորն այստեղ իրադարձությունների միտումն է: Հենց տվյալ միտումն է որը անհանգստության առիթ պետք է լինի, և առաջին հերթին եվրոպացիների համար:
Վազգեն Ղազարյան