Երեկ Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Նախապես հայտնի էր, որ հիմնակական պայքարը ընթանալու է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և գործարար Պյոտր Պորոշենկոյի միջև: Հիմնական ինտրիգը կարելի է ասել հետևյալն էր' կլինի՞ ընտրությունների երկրորդ փուլ, թե թեկնածուներից որևէ մեկին (մեծ հավանականությամբ Պորոշենկոյին) կհաջողվի հաղթանակ կորզել հենց առաջին փուլում: Քվեարկության նախնական տվյալներն արդեն իսկ հայտնի են և ըստ դրանց միանձնյա առաջատարն է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը' Պյոտր Պորոշենկոն:
Ինչևէ, ընտրություններն իրենց կարևոր տեղն ունեն երկրում քաղաքական իրավիճակի կայունության գործում, սակայն այս պարագայում ամենակարևորն այն է, թե ինչպես է նորընտրի նախագահը կարողանալու լուծումներ գտնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Ի վերջո Ուկրաինայի առջև ծառացած է աննախադեպ մարտահրավեր, որը «պատվով» հաղթահարելու համար պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին լեզու գտնել Ռուսաստանի հետ: Այդ առումով հետաքրքիր է իմանալ հաղթած թեկնածուի առաջիկա քայլերը Ռուսաստանի հետ հարաբերություններում և դրանց արդյունքում Ռուսաստանի վերաբերմունքը անցկացված ընտրություններին:
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Պյոտր Պորոշենկոն անմիջապես հայտարարել է իր հետագա մի քանի գործողությունների մասին: Նա հայտարարել է, որ առաջին հերթին պետք է մեկնի Դոնբաս և բանակցի երկրի արևելքի հետ, ինչպես նաև պետք է լուծի «Ռուսաստանի հետ կուտակված հարցերը, որոնց համար լավ հիմք է հանդիսանում ապրիլին կնքված Ժնևյան համաձայնագիրը: Դրան զուգահեռ, սակայն, վերջինս հայտարարել է, որ ուկրաինացիք ընտրելուվ իրեն' ընտրել են եվրոպական ուղին:
Նշենք, որ այս հայտարարություններին ի պատասխան արդեն իսկ արձագանքել են
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից» ասելով, որ Պորոշենկոյի այցը Դոնբաս կարող է լինել բացառապես որպես օտարերկրյա նախագահի այց իրենց երկիր և ոչ ավելին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա առայժմ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա:
Տեսեք առաջին հայացքից ստացվում է այնպես, որ Պորոշենկոն իբր ինչ-որ տեղ գնում է Ռուսաստանին ընդառաջ' խոստանալով որ կբանակցի արևելքի հետ' ենթադրաբար լուծելու համար այդ շրջանների ժողովրդին «հուզող» հարցերը: Չմանրանանք, քանի որ մեծ հաշվով չգիտենք, թե ինչպես է դա պատկերացնում Պորոշենկոն և առհասարակ ինչ կա հաղթած թեկնածուի մտքին, այնուհետև վերջինս շեշտում է Ժնևյան համաձայնագրի արդիականությունը, որի մասին մշտապես խոսում էր Ռուսաստանը, սակայն մի քիչ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ ի տարբերություն Ռուսաստանի Պորոշենկոն այդ փաստաթուղթն ավելի շուտ համարում է հիմք Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների, այլ ոչ թե Ուկրաինայի և այդ երկրի «Հարավ-արևելք»-ի փոխհարաբերությունների համար:
Մի խոսքով իրավիճակը բավական նուրբ է: Այս ամբողջի համատեքստում,սակայն, առկա է նաև մեկ այլ հանգամանք, որը չափազանց կարևոր է և կարող է առանցքային դերակատարություն ունենալ Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար: Բանն այն է, որ Պյոտր Պորոշենկոն մինչև ընտրություններում հաղթելը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Եվրոպային ասոցացվելու համար վերջինս առաջարկել էր անցկացնել հանրաքվե, սակայն ՆԱՏՕ-ի հարցում նույնիսկ հանրաքվե չէր առաջարկել: Այնպես որ շատ կարևոր է հասկանալ ի վերջո Մայդանի հիմնական ֆինանսավորողն ու առանցքային դերակատարներց մեկը կմնա իր համոզմանը, թե' կմտկափովի:
Ինչպես որ սկզբում նշվեց Պորոշենկոն ընտրությունների նախնական տվյալներն իմանալուց հետու հայտարարել է, որ ուկրաինացիք ընտրել են եվրոինտեգրման ուղին: Հիմա հարցը հետևյալն է'ի՞նչ է իրենից ենթադրում Եվրոինտեգրացիան: Այսինքն էլ ավելի ինտեգրվել ԵՄ-ի հետ հետագայում անդակացության ակնկալիքո՞վ, թե այդ ամենի հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ին անդամակցություն: Կարծում եմ այս հարցի միանշանակ պատասխանից հետո միայն հնարավոր կլինի միանշանակ հասկանալ կաշխատի Ռուսաստանն Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, թե' ոչ:
Հայկ Թամրազյան