Որքան ամրանում է ՀՀԿ-ն, այնքան թուլանում եւ դատարկվում է Հայաստանը Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն շարունակում է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել: Նրա հետ այս հարցում դժվար է չհամաձայվել: Իրոք, ՀՀԿ-ն և հանրապետականները գրեթե ամենուր են, բայց մի կարեւոր դիտարկում Սերժ Սարգսյանը չարեց:
Ստիպված ենք արձանագրել, որ ՀՀԿ-ի ամրացման, բյուրեղացման եւ ծավալման հետ զուգահեռ թուլանում է Հայաստան պետությունը, աղքատանում հայ մարդը եւ դատարկվում մեր երկիրը:
Մինչ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ-ի դերի ու նշանակության մասին, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ մտածում էին եւ շարունակում են մտածել օր առաջ Հայաստանից հեռանալու մասին: Անկեղծ լինենք, արդեն շատ դժվար է մարդուն համոզել մնալ Հայաստանում: Ինչպես համոզես, երբ նա լսում է Սերժ Սարգսյանին, որը հայտարարում է, թե ՀՀԿ-ն դառնում է այն կարեւոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսեւորման ավելի բարձր աստիճանի:
Իսկ եթե ակտիվ քաղաքացին չի ցանկանում գործ ունենալ մի կուսակցության հետ, որի պատճառով մեր երկիրը հայտնվել է անդունդում, իսկ եթե ակտիվ քաղաքացին ցանկանում է իր ունակություններն ու գաղափարներն իրականություն դարձնել առանց ՀՀԿ-ի հետ առնչվելու:
Միայն Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածը բավական է հասկանալու համար, որ նա եւ իր թիմը ցանկանում են Հայաստանը վերածել սովետական տիպի աղքատ ու խեղճ ժողովրդով մի տարածքի, որտեղ կառավարում են ցինիկ եւ հարուստ կառավարիչները:
Սերժ Սարգսյանի ելույթը սովետական ժամանակների ոգով եւ շնչով էր: Սերժ Սարգսյանի ելույթը տխրեցրեց եւ նոր մտահոգություն պատճառեց հայ ժողովրդին: Իսկ եթե սրան գումարենք նախօրեին Երեւանի դպրոցներից մեկում աշակերտներից մեկի արտասանած սովետահոտ բանաստեղծությունը վարչապետի մասին եւ հիշենք նույն վարչապետի եւ ԿԳ նախարարի հիացական հայացքները, ապա կհասկանանք, որ մեր երկիրը ավելի քան վտանգի մեջ է:
Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաեւ տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը:
Միթե այս ելույթը տարբերվում է Բրեժնեւի կամ Չեռնենկոյի արտասանած ճառերից: Իսկապես, հիմա հասել ենք մի կետի, երբ ՀՀԿ-ն տեր ու տիրական է բոլոր համայնքներում: Դրա լավագույն վկայությունն արտագաղթն է: Արտագաղթի պատճառով արդեն երկու մարզի բնակչություն ենք կորցրել: Ավելի քան պարզ է, որ եթե շարունակի ՀՀԿ-ն ամրանալ համայնքներում, մարզերում եւ ուսումնական հաստատություններում, ապա կորուստները գնալով կաճեն:
Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանն էլ շարունակելու է մտածել ում եւ ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, բայց իր շրջապատի հանրապետականից հեռու է մնալու, հասկանալով, որ լավագույն դեպքում միայն ժամանակի կորուստ կունենա: Ավելին, Սերժ Սարգսյանի հիշատակած Արծրունը, մյուս տավուշցիները, ՀՀ մյուս մարզերի բնակիչների ճնշող մեծամասնությունը հասկանում են, որ իրենց խնդիրները լուծում կստանան, երբ ՀՀԿ-ն դադարի իշխող կուսակցություն լինելուց: Սա է իրականությունը, որի հետ Սերժ Սարգսյանը շատ շուտով ստիպված է լինելու հաշվի նստել:
Ալբերդ Շմավոնյան