Ալի Համզատովը Ղարաբաղի մասին: Ես ակկիացի եմ (ակկ, ակկիացի - չեչենական ցեղախումբ, տոհմ - Անդին): Ծնվել եմ 1970 թվականին Գրոզնիում: 1991 թվականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թվականին գրեթե երկու ամիս ուղղահավատների խմբի հետ Ղարաբաղում կռվել եմ հայերի դեմ: Ադրբեջանցի-թյուրք ՙեղբայրների՚ հետ կռվում էինք ՙանհավատների՚ դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց կստանանք 200 դոլար: 1993 թվականի հունիսին մեզ (մոտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր ամրացանք թիվ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին մենք «Բազարներ» («առևտրական» արհամարհական – Անդին) էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին: Իմացանք, որ մեզնից ոչ հեռու Մարտակերտի ուղղությամբ տեղակայված են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարյուր հոգի:

Թյուրք-ազերինեը կանգնած էին Լենինավանի մոտ: Հուլիսի 24 կամ 26-ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դեպի ջրամբար: Ինչպես հետագայում իմացա, նրանք (հայերը - Անդին) 60-70 հոգի էին: Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. Այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքորեն գերի չէին հանձնվում, սովորաբար հարձակվում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկույն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի, հանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերական երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու պատճառով: Օգոստոսի սկզբին ինձ վիճակվեց լսել թալիշներին ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թյուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միավորվելու ժամանակը: Մենք միասին պիտի թյուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները, ապա կանգ կառնենք, կսպասենք ձեզ»: Առաջարկում էին հանձնվել: Եվ շատերը հանձնվեցին, իսկ մյուսները հետագայում զենքը շրջեցին թյուրքերի դեմ: Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ քշելու են ազերիներին և մինչև վերջ գնալու են նրանց ետևից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թյուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին: Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Հիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին - Անդին) կոչում էին ազերոչխարներ՝ կեղծավորության ու վախկոտության համար:

Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում: Կարևորը նրա ազգային-հոգևոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին: Նրանք գիտեին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանվանումներից - Անդին), և հարգում էին մեզ, ինչպես մենք էինք հարգում նրանց: Նրանք կշարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչև թյուրքերին չվռնդեն նաև Գյանջայից: Ինշա Ալլահ: Իսկ դուք՝ լեզգիներ, ավարներ և թալիշներ, պետք է վճռեք. կամ ոչնչանալու եք, կամ ձեր հողի վրա ապրելու արժանապատիվ կյանք վաստակեք: Կովկասցիների դեմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չեք հասնի... Մենք դա հասկացանք Խասավյուրտից հետո: Իմիջիայլոց, կուզենայի ևս մի պատմություն անել հայերի մասին: Օգոստոսի կեսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայված էր Ասկերանի մերձակայքում, անմիջապես լեռների ստորոտում: Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն:

Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցին «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին: Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ազերիները ոչ մեկիս փող չտվեցին, իբր դուք վատ եք կռվել, հետո ինչ, որ այդքան անհավատների եք փռել: Մենք զայրացանք, սակայն ամիրը, իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Հետո Իչկերիա գալով իմացանք, որ գերագույն հրամանատար ամիր Բասաևը նույնպես կռվել է Ղարաբաղում: Ղարաբաղից հետո լիովին փոխվել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլև թյուրք-ազերիների նկատմամբ: Հայերը խիզախ և ուժեղ ժողովուրդ են, իրենց նպատակին կհասնեն: Նրանք իսկական լեռնցիներ են, նամուս ունեցող, ջիգիթի օրենքները հարգող: Մեզ նման ուժեղ չեն, իհարկե, բայց արժանի թշնամիներ էին: Կարծում եմ՝ կարող են լինել նաև արժանի բարեկամներ: Մենք կորցրեցինք 38 շահիդի, նրանք հիմա Ալլահի գրկում են:

Սա է իմ պատմությունը հայերի և ադրբեջանցիների մասին: Ցավոք, ռուսները գրավել են մեր երկիրը, և ես ստիպված եմ հայրենիքից հեռու գտնվել, սակայն կգա օրը, և ես կվերադառնամ, կհավաքեմ եղբայրներիս, որոնց հետ կռվել եմ Ղարաբաղում, ու կփորձեմ գտնել հայ ֆիդայիններին, որոնց դեմ կռվել եմ Ղարաբաղում: Մեկին կոչում էին Մարդ/տ/իրոս Ս/Կ/ամսարյան, դասակի հրամանատար էր, Աբխազիայի հայ: Գուցե մեկն ու մեկը գիտի՞ նրա մասին, ո՞ղջ է, թե՞ զոհվել է: Իմիջիայլոց, աբխազների հետ վրացիների դեմ կռված եղբայրները Իչկերիայում նույնպես պատմում էին հայերի մասին: Նույնպես մեծ հարգանքով ու ջերմությամբ: Մենք չէինք հիշում, որ նրանք անհավատներ են: Եվ մի՞ թե կարելի է այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, ազերիներին մահմեդական համարել, իհարկե՝ ոչ:

Խոզությունը ադրբեջանցիների կողմից համատարած էր: Սկզբից խլեցին զենքերը, որ մեզ հետ տարել էինք կռվելու, հետո ուզում էին բաժան-բաժան անել մեզ և առաջ գցելով՝ օգտագործել իբրև վահան իրենց հիմնական ուժերի համար, մեր վիրավորներին թողնում էին, այնինչ իրենց դիակները տանում էին: Ստիպում էին իրենց համար խրամատներ փորել այն ժամանակ, երբ իրենք լափում էին խոզի նման: Մի խոսքով, ամիր Ասլանբեկը որոշեց մեզ դուրս բերել Ղարաբաղից: Իմ խորհուրդը ձեզ. Մի հավատացեք ազերիների պանիսլամիստական կոչերին: Դա ես եմ ասում, մարդ, որը մոտիկից է տեսել ազերիների ՙուղղափառությունը՚: .. Ղարաբաղում իսլամի զինվորները 300-350 հոգի էին: Նրանց 30 տոկոսը զոհվեց հերոսաբար:... Հայերը գերիներին ձեռք չէին տալիս, ի տարբերություն ազերիների, որոնց ՙխիզախությունը՚ ի հայտ էր գալիս անզենների նկատմամբ միայն:

 

 

Ալի Համզատով